19:11  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միհրան Հարությունյանը տապալեց ադրբեջանցի Չունաեւին եւ ապահովեց առնվազն արծաթե մեդալ (ֆոտո)

Անկրկնելի Միհրան Հարությունյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Երրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնի մրցակիցն էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը, որը պարտվեց 1:4 հաշվով:

Առաջին մրցափուլում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը գերազանց պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Առաջին մրցափուլի վերջում պարտեր նստեցրին նաեւ Չունաեւին, եւ Հարությունյանը վաստակեց 4 միավոր, եթեւ 16 վայրկյան ուներ հնարքի համար:

Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշին դարձյալ պարտեր նստեցրին, բայց այս անգամ եւս նա շանս չտվեց մրցակցին եւ արագ ոտքի կանգնեց: Միհրան Հարությունյանը դիմացավ մինչեւ վերջ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկը: Եզրափակիչը Երեւանի ժամանակով 00:30-ին է:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը նախ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, հետո 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով ուժեղ էր գտնվել ռումինացի Ալին Ցիուրարուից եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի թուրք Չենկ Իլդեմի հետ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ