23:35  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանի ու Միհրան Հարությունյանի մրցակիցները

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կայացել է 66 եւ 98 կգ քաշային կարգերի վիճակահանությունը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) – Ալին Ցիուրարու (Ռումինիա) զույգի հաղթողի հետ: 

Ալեքսանյանը գետեմարտերը սկսելու է Երեւանի ժամանակով 17:30-ից:

Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Իսլամ Մագոմեդովը, որին հայ մարզիկը կարող է հանդիպել կիսաեզրափակիչում: Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային մյուս ենթախմբում է:

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը (66 կգ) եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով եգիպտացի Ահմեդ Կահկի հետ: Հաղթանակի դեպքում Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Հանսու Ռյու (Հարավային Կորեա) – Տամաշ Լորինց (Հունգարիա) զույգի հաղթողը: Լորինցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Միհրան Հարությունյանը գոտեմարտերը սկսելու է Երեւանի ժամանակով 17:20-ից:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում