19:12  +04,  12 օգոստոսի, 2016

Վլադիմիր Մարգարյանը՝ Ռիոյից. Ինձ բացարձակ չէր ճնշում ու մտահոգում, որ մրցակիցս օլիմպիական չեմպիոն է

Օլիմպիական ռինգում միաժամանակ ապրեցի եւ մեծ ուրախություն, եւ մեծ ափսոսանք։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասել է բռնցքամարտի մրցաշարին մասնակցած 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով 1/8 երզափակիչում տեխնիկական նոկաուտով պարտվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասին։

Հիշեցնենք, որ առաջին ռաունդում Վլադիմիր Մարգարյանը հոնքի պատռվածք ստացավ եւ պահանջվեց բժիշկների օգնություն: Պատռվածքի վրա կար դնելուց հետո հայ մարզիկը շարունակեց մենամարտը, սակայն արնահոսությունը վերսկսվեց եւ մրցավարները կանոնադրության համաձայն, թույլ չտվեցին նրան շարունակել պայքարը՝ հաղթանակը շնորհելով Իգլեսիասին: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլի նկատմամբ:

Վլադիմիր, ավարտեցիր մրցելույթներդ Ռիո-2016-ում։ Մեկ հաղթանակ, մեկ տեխնիկական նոկաուտ։ Ի՞նչպես կմեկնաբանես վերջին մենամարտդ։

Մրցակիցս օլիմպիական չեմպիոն էր։ Այն, որ ռինգ էի դուրս եկել օլիմպիական չեմպիոնի հետ, ինձ բացարձակ չէր ճնշում ու մտահոգում։ Ավելին, ուրախ էի եւ պատրաստ էի ամեն ինչ անել՝ հաղթելու համար։ 

Ի՞նչ զգացողություններ ապրեցիր օլիմպիական ռինգում, ինչո՞վ քեզ համար տարբերվեց օլիմպիական ռինգը մյուսներից։

Այստեղ ամբողջ աշխարհն է քեզ հետեւում, ու դու ավելի մեծ պատասխանատվություն ես զգում լավ ներկայանալու, քո երկիրը ներկայացնելու համար: Ամեն ինչ փորձում ես անել, որ արդարացնես այն մարդկանց նպատակները, ովքեր հույսով ու հավատով սպասում են հաղթանակիդ։ Օլիմպիական ռինգում միաժամանակ ապրեցի եւ մեծ ուրախություն, եւ մեծ ափսոսանք։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: