18:20  +04,  10 օգոստոսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Արամ Ավագյան

NEWS.am Sport-ի «Մի օլիմպիականի պատմության» հերոսը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 56 կգ քաշային, 2012թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2015թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015թ. Հայաստանի լավագույն 10 մարզիկներից բռնցքամարտիկ ԱրամԱվագյանն է:

Ինչպիսի՞ն էր քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց բռնցքամարտ։

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 11 տարեկանից հորս խորհրդով։ Ես փոքր տարիքում շատ էի ուզում կարատեի գնալ։ Հայրս ինձ խորհուրդ տվեց կարատեի փոխարեն ընտրեմ բռնքամարտը, քանի որ ինքն էլ է բռնցքամարտիկ եղել։ Ասաց, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն լինեմ, ինձ ուրիշ ձեւ կընդունեն իմ հայրենիքում։ Այդպես ոգեւորվեցի ու որոշեցի, որ պետք է բռնցքամարտի գնամ ու ինքն էլ ինձ տարավ Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոց, մարզիչ Յուրի Ներսիսյանի մոտ։

8 ամիս մարզվելուց հետո մասնակցեցի իմ կյանքի առաջին մրցումներին՝ Ենգիբարյանի դպրոցի բաց առաջնությունն էր։ Երեք մենամարտ անցկացրեցի, երեքում էլ հաղթանակ տոնեցի։ Դա իմ կյանքի առաջին հաղթանակն էր։ Իմ եւ բոլորի հիշողություններում շատ տպավորված է այդ իմ առաջին հաղթանակը, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ հենց առաջին մրցումներում ես կհաղթեմ։ Առաջին տեղի մեդալ ստացա՝ փոքր ժետոն։ Պահել եմ այդ մեդալը։ Դա իմ ամենաթանկ մեդալներից մեկն է։ Առաջին հաղթանակիս ժամանակ հայրս Հայաստանում չէր։ Մրցումներից 30 րոպե առաջ մայրս ինձ լավ կերակրեց, եւ դուրս եկա մենամարտելու։ Հիշում եմ, որ կուշտ փորով չէի կարողանում մենամարտել, չէր ստացվում։ Հայրս էլ որ այստեղ չէր, մենք էլ անփորձ, չգիտեինք որ մենամարտից գոնե 2 ժամ առաջ պետք է սնված լինեի։

Առաջին հաղթանակիս կապակցությամբ բացի մեդալից, մարզիչիս կողմից նաեւ նվեր ստացա՝ բոքսի ձեռնոցներ եւ ժամացույց։ Շատ էի ուրախացել։

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք: Երբեւէ հիասթափվե՞լ ես բռնցքամարտից։

Պատանեկան տարիներին եմ հիասթափություն ապրել, երբ Հայաստանի առաջնությունում երկու տարի անընդմեջ չէի կարողանում չեմպիոն դառնալ։ Կիսաեզրափակիչներում ինձանից գողանում էին իմ հաղթանակները։ Հիասթափություն ապրեցի, բայց պարգեւատրման ժամանակ պարգեւատրողներից մեկը, ով մոտեցավ ինձ, որ բրոնզե մեդալը պարանոցիս կախի, ասաց՝ լավ պարապի, որ մյուս տարի այս մի աստիճանին կանգնես․ ու ձեռքով ցույց տվեց առաջին տեղը։ Այդ մարդու խոսքերն ինձ ոգեւորեցին, եւ ես իմ առջեւ նպատակ դրեցի, որ դառնալու եմ չեմպիոն, նվաճեմ բարձր տիտղոսներ, մեդալներ։

Հիասթափություններն ու մարզական կարիերայում հանդիպող դժվարություններն ինձ չեն ընկճում, հակառակ ազդեցությունն են միշտ թողնում․ ես ավելի մեծ ցանկությամբ եմ լցվում ավելի բարձր հաղթանակների հասնելու ու ավելի մեծ եռանդով եմ սկսում մարզվել։

Բացի սպորտից, ի՞նչ նախասիրություններ ունես:

Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, շատ եմ սիրում պարել։ Բռնցքամարտիկների մեծ մասը սիրում է պարել։ Խնջույքների ժամանակ ամենաակտիվ պարողներից եմ լինում։

Եթե չլիներ սպորտը․․․

Սպորտն ինձ շատ մեծ դաստիարակություն է տվել, իսկապես այլ մարդ է դարձրել, հարգանք մեծերի հանդեպ, հարգանք իքնդ քո հանդեպ, նպատակասլացություն։ Փոքր տարիքից շատ չար երեխա եմ եղել։ Սպորտն ինձ վերադաստիարակել է։ Անկեղծ՝ եթե չլիներ սպորտը, գուցե ես վատ ճանապարհով գնայի։

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ:

Ներողամիտ եմ, ընկերասեր։ Եթե վեճեր են լինում, միշտ փորձում եմ խաղաղ ճանապարհն ընտրել, փորձում եմ համբերատար լինել, բայց եթե ամեն ինչ անցնում է սահմաններից, բռնկվում եմ։ 

Ի՞նչն ես գնահատում մարդկանց մեջ: Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Սիրում եմ անկեղծ ու պարզ մարդկանց, ամեն բնագավառում մարդ պետք է մարդ լինի, մաքուր ու անկեղծ լինի։

Ո՞րն է քո երջանկության բանաձեւը:

Երբ քո կողքին են բոլոր այն մարդիկ, որոնց դու սիրում ես ու զբաղվում ես նրանով, ինչ սիրում ես։

Երազանք ունե՞ս։

Երազում եմ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել։ Այդ նպատակով ու երազանքով կբարձրանամ ռինգ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ