19:45  ,  8 օգոստոսի, 2016

The Wall Street Journal-ը՝ օլիմպիական Հուռի Գեբեշյանի մասին

Ամերիկահայ Հուռի Գեբեշյանը փորձում է կանանց սպորտային մարմնամարզության քարտեզին նշել Հայաստանը, գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը՝ անդրադառնալով Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցած մարզուհուն: Նրա մրցելույթը Օլիմպիական խաղերում պատմական էր հայկական սպորտի համար, քանի որ առաջին հայ մարմնամարզուհին էր, որը նվաճել էր Խաղերին մասնակցելու իրավունք եւ ներկայացնում էր Հայաստանը:

«Հայկական սփյուռքի համակրանքի մրցանակն անկասկած բաժին կհասնի Հուռի Գեբեշյանին: 27-ամյա բուժաշխատողը Քլիվլենդից է եւ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունից փրկված տատի թոռն է: Գեբեշյանի ծնողները Լիբանանից են: Նա Ռիոյում իրականացրեց երազանքը՝ մասնակցելով իր մարզական կյանքի ամենախոշոր մրցմանը եւ ամեն մրցելույթից հետո համբուրեց գործիքը՝ հրաժեշտ տալով կարիերային:

Գեբեշյանը կատարեց նոր տարր, որը կկոչվի նրա անունով: Զուգահեռ պտտաձողերի վրա վարժությունը սկսելուց անմիջապես հետո նա հրվեց ցածր պտտաձողից, շրջադարձ կատարեց 360 աստիճան եւ ցատկելով կախվեց բարձր պտտաձողից: Այդ տարրը նրա նորամուծությունն է:

Երկրպագուները սուլեցին մրցավարներին՝ համարելով, որ ցածր են գնահատել Գեբեշյանի կատարումը: «Ես շնորհակալ եմ սպորտին: Հայերն ամենուր են, շատ հաճելի է հանդիպել հայրենակիցների նաեւ Ռիոյում: Իմ նպատակն է նշել Հայաստանը կանանց սպորտային մարմնամարզության քարտեզին»,- ասել է Գեբեշյանը:

Օլիմպիական մրցելույթին Հուռին ներկայացավ սպիտակ համազգեստով, որի վրա ուրվագծված էր Արարատ լեռը՝ Հայաստանի խորհրդանիշը, որը Թուրքիայի տարածքում է: Նա նաեւ հիշեցրեց, որ իր տատն ու պապը վերապրել են Ցեղասպանությունը, ինչի հետեւանքով ծնողները ծնվել են Լիբանանում:

Մրցելույթից հետո Գեբեշյանը լուսանկարվեց եւ զրուցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սեդա Թութխալյանի հետ: Զրույցը բարդացնում էր այն փաստը, որ լավ չգիտեն հայերեն»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Գեբեշյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը եւ ավարտել է օլիմպիական պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում