00:22  +04,  8 օգոստոսի, 2016

Հուռի Գեբեշյանը՝ Ռիոյից. Կրկնակի հպարտ եմ, որ ներկայացրի Հայաստանը եւ իմ անունով նոր տարր կատարեցի

Շատ հուզված եմ, այս պահին ինձ միլիոնավոր հույզեր են պատել: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա Օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը: Կրկնակի հպարտ եմ, որ կարողացա նոր տարր մտցնել կանանց սպորտային մարմնամարզությունում, որը կկոչվի Գեբեշյան տարր: Այն ընդունվեց:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց 31-րդ Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկահայ Հուռի Գեբեշյանը:

Հուռի Գեբեշյանը մեկնարկեց որակավորման փուլում՝ հանդես գալով բազմամարտի մրցապայքարում: 4 գործիքների ընդհանուր հաշվարկում Հայաստանի առաջին կին օլիմպիական մարմնամարզուհին հավաքեց 53, 743 միավոր: Նոր տարրը Հուռի Գեբեշյանը կատարել է զուգահեռ պտտաձողի վարժությունում:

«Շատ հուզված եմ: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը: Այժմ միլիոնավոր հույզեր են ինձ պատում: Ես հպարտ եմ ինձանով,  իմ երկրով, որ ներկայացրել եմ Հայաստանը, ու առավել քան հպարտ եմ, որ լավ հանդես եկա:

Գոհ եմ իմ մասնակցությունից, արել եմ իմ ուժերի առավելագույնը: Ես հաջող արել իմ նոր տարրը, ու այն ընդունվել է: Կկոչվի «Գեբեշյան» տարր: Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հավանեց եւ ընդունեց այն: Ամենայն հավանականությամբ այդ տարրն ուժի մեջ կմտնի եւ պաշտոնապես կճանաչվի Խաղերից հետո միայն:

Հիմա մենք սպասում ենք վերջնական արդյունքին, քանի որ մասնակիցների դեռ երկու խումբ կա: Ես իմ ուժերի չափով արեցի ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ լավագույն 24-ի մեջ:

Մարզիչս՝ Լեւոն Կարախանյանը, եւս գոհ է իմ մրցելույթից: Մենք երկուսս էլ շատ հուզված ենք ու սպասում ենք արդյունքների ամփոփմանը: Հույս ունեմ, որ կհայտնվեմ եզրափակիչում, բայց դեռեւս երկու ենթախումբ կա պայքարի մեջ:

Ռիո-2016-ին մասնակցելն իսկապես եզակի փորձ է յուրաքանչյուր մարզիկի համար: Ինձ համար եւս սա մեծ փորձ էր: Մեծ հույսեր եմ տածում, որ իմ մասնակցությունը կխրախուսի հայ աղջիկներին գնալ իմ հետքերով, զբաղվել մարմնամարզությամբ եւ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասաց Հուռի Գեբեշյանը:

Հուռի Գեբեշյանի արդյունքը բազմամարտում այժմ ընթացիկ 22-րդն է: Եզրափակիչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:

Նշենք, որ Հուռի Գեբեշյանի մասնակցությունը Օլիմպիական խաղերում պատմական էր Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ, քանի որ նա առաջին կին մարմնամարզուհին է, ով ներկայացրեց Հայաստանը Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ