00:22 8 օգոստոսի, 2016Շատ հուզված եմ, այս պահին ինձ միլիոնավոր հույզեր են պատել: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա Օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը: Կրկնակի հպարտ եմ, որ կարողացա նոր տարր մտցնել կանանց սպորտային մարմնամարզությունում, որը կկոչվի Գեբեշյան տարր: Այն ընդունվեց:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց 31-րդ Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկահայ Հուռի Գեբեշյանը:
Հուռի Գեբեշյանը մեկնարկեց որակավորման փուլում՝ հանդես գալով բազմամարտի մրցապայքարում: 4 գործիքների ընդհանուր հաշվարկում Հայաստանի առաջին կին օլիմպիական մարմնամարզուհին հավաքեց 53, 743 միավոր: Նոր տարրը Հուռի Գեբեշյանը կատարել է զուգահեռ պտտաձողի վարժությունում:
«Շատ հուզված եմ: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը: Այժմ միլիոնավոր հույզեր են ինձ պատում: Ես հպարտ եմ ինձանով, իմ երկրով, որ ներկայացրել եմ Հայաստանը, ու առավել քան հպարտ եմ, որ լավ հանդես եկա:
Գոհ եմ իմ մասնակցությունից, արել եմ իմ ուժերի առավելագույնը: Ես հաջող արել իմ նոր տարրը, ու այն ընդունվել է: Կկոչվի «Գեբեշյան» տարր: Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հավանեց եւ ընդունեց այն: Ամենայն հավանականությամբ այդ տարրն ուժի մեջ կմտնի եւ պաշտոնապես կճանաչվի Խաղերից հետո միայն:
Հիմա մենք սպասում ենք վերջնական արդյունքին, քանի որ մասնակիցների դեռ երկու խումբ կա: Ես իմ ուժերի չափով արեցի ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ լավագույն 24-ի մեջ:
Մարզիչս՝ Լեւոն Կարախանյանը, եւս գոհ է իմ մրցելույթից: Մենք երկուսս էլ շատ հուզված ենք ու սպասում ենք արդյունքների ամփոփմանը: Հույս ունեմ, որ կհայտնվեմ եզրափակիչում, բայց դեռեւս երկու ենթախումբ կա պայքարի մեջ:
Ռիո-2016-ին մասնակցելն իսկապես եզակի փորձ է յուրաքանչյուր մարզիկի համար: Ինձ համար եւս սա մեծ փորձ էր: Մեծ հույսեր եմ տածում, որ իմ մասնակցությունը կխրախուսի հայ աղջիկներին գնալ իմ հետքերով, զբաղվել մարմնամարզությամբ եւ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասաց Հուռի Գեբեշյանը:
Հուռի Գեբեշյանի արդյունքը բազմամարտում այժմ ընթացիկ 22-րդն է: Եզրափակիչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Նշենք, որ Հուռի Գեբեշյանի մասնակցությունը Օլիմպիական խաղերում պատմական էր Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ, քանի որ նա առաջին կին մարմնամարզուհին է, ով ներկայացրեց Հայաստանը Օլիմպիական խաղերում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.