06:27  ,  6 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը տրված է (ֆոտոշարք)

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված են: Առաջին անգամ Հարավային Ամերիկայում անցկացվում է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում ընթանում է Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերը բացված հայտարարեց Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերը, որի մի քանի վայրկյան տեւած խոսքի ժամանակ տրիբունաները հասցրեցին սուլել:

Սպասվում է, որ Խաղերի գլխավոր ջահը կբոցավառի ամենահայտնի բրազիլացի թենիսիստ, Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող Գուստավո Կուերտենը, որը վերջին պահին էր արժանացել այդ պատվին, երբ առողջական խնդիրների պատճառով այդ առաքելությունը կատարելուց հրաժարվել էր ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն:

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բացման հանդիսավոր արարողությանը ազգերի շքերթին մասնակցեց դրոշակակիր, լողորդ Վահան Մխիթարյանի առաջնորդությամբ: Թիմը ոչ ամբողջական կազմով է դեռ Ռիոյում: Առայժմ մրցավայրում չեն ըմբիշները:

20 միլիոն դոլար արժողությամբ արարողությունը մեկնարկեց շքեղ հրավառությամբ եւ գեղարվեստական ներակայացմամբ, որը մի քանի րոպեում ամբողջացրեց Բրազիլիայի պատմությունը՝ արդի ժամանակահատվածում շեշտը դնելով բնապահպանության վրա:

Ներկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ անցկացվեց գեղարվեստական մասը, որին հաջորդեց է մասնակիցների շքերթը: Այն բացեց օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, եզրափակեց Խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին մասնակցեց ռեկորդային՝ 207 պատվիրակություն: Առաջին անգամ առանձին պատվիրակությամբ հանդես են գալիս փախստական մարզիկները, որոնք հայրենի երկրներում պատերազմական դրության հետեւանքով մնացել են առանց երկրի: Առաջին անգամ Խաղերին մասնակցում է Կոսովոյի պատվիրակությունը, որի անկախությունը Բրազիլիան չի ճանաչել: Նորամուտը նշեց նաեւ Հարավային Սուդանը: Արարողության ուղիղ հեռարձակման հեռուստալսարանն ամբողջ աշխարհում հավաքեց 3 միլիարդ հեռուստադիտող:

Նշենք, որ «Մարականայի» 80 հազար տեղից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղը դատարկ էր: Բրազիլիայի քաղաքացիները այդ բացակայությամբ բողոք արտահայտեցին ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում Օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ, թեեւ այս Խաղերի համար Բրազիլիան ծախսել է 4,1 միլիարդ դոլար: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի համար Մեծ Բրիտանիան ծախսել էր 14 միլիարդ դոլար: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկավարի պաշտոնակատարն է Միշել Տեմերը, որը չներկայացվեց ստադիոնում, որպեսզի չարժանանա բրազիլացիների սուլոցներին: Ստադիոնում ներկա էին 37 երկրների ղեկավարներ:

Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանի նվաճած ոսկե մեդալը անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ միակն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում