18:40  ,  4 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Անդրանիկ Կարապետյան, Սիմոն Մարտիրոսյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:

Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 77 կգ քաշային կարգ

Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, Վաղարշապատում։

Անդրանիկ Կարապետյանը պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է,  2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։

Ամուսնացած չէ։

«Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից։ Այդ ժամանակ եղբայրս էլ էր մարզվում ծանրամարտով եւ ինձ էլ իր հետ տարավ մարզադահլիճ։

Սիրում եմ այս մարզաձեւը։ Ինձ այս մարզաձեւում գրավում է ծանրաձողի ծանրությունը։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ պայքարի դուրս գալու օլիմպիական մրցահարթակում։ Հույեր ու ակնկալիքներ կան․ մեդալի հույս ունեմ»։

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 105 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 19-ին, Հայկաշեն գյուղում։

Անձնական մարզիչ է Աշոտ Փիլոսյանը։

Ամուսնացած չէ։

Սիմոն Մարտիրոսյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի երիտասարդների ռեկորդակիր, 2016 թ․ մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ․ երիտասարդների Եվրպայի առաջնության չեմպիոն։

«Ես սիրում եմ այս մարզաձեւը: Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Հորեղբայրս նախկին ծանրորդ է` Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն է, նա է ինձ ուղղորդել  այս մարզաձեւին: Նրա շնորհիվ եմ ես ծանոթացել ծանրամարտ մարզաձեւին, սիրել եւ մարզվել: Առաջին իսկ մարզումներից շատ եմ սիրել եւ նվիրվել այս մարզաձեւին:

Գիտեի, որ 105 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչը Ռիո-2016-ում ես եմ լինելու։ Ճիշտ է, մասնակցել եմ պատանեկան Օլիմպիական խաղերին, բայց մեծահասակների Օլիմպիական խաղերն այլ են, յուրաքանչյուր մարզիկի երազանքը ։ Ռիո-2016-ը եղել է իմ նպատակներից մեկը, այժմ նպատակս ու ցանկությունս օլիմպիական մեդալն է։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով