13:45  +04,  28 հուլիսի, 2016

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ. Ակնհայտ է սպորտային պարերի զարգացումը մեր երկրում

Հայաստանում սպորտային պարերն արագ զարգացում կարող են ունենալ միայն պետական ֆինանսավորման առկայությամբ եւ իհարկե լավագույն առաջատար մասնագետներ հրավիրելու, սեմինար դասընթացներ անցկացնելու, սպորտաձեւը մասսայականացնելու միջոցով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, «Մատադոր» սպորտային պարերի ակումբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Մարկոսյանը:

Պարոն Մարկոսյանպարել սկսել եքհմտանալով ժողովրդական պարի ժանրումԻնչպե՞ս կատարվեց անցումը սպորտային պարեր:

Սկսել եմ պարել դեռեւս մանկուց` առաջին դասարանից, Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող Հովսեփ Շամամյանի գլխավորած «Բարեկամություն» պարի համույթում: Այստեղ հիմնականում պարում էինք աշխարհի ժողովուրդների պարեր  եւ ծրագրում ունեինք մի քանի պարահանդեսային պարեր: Այնուհետեւ մանկավարժական ինստիտուտում ուսանելու տարիներին որոշեցի ավելի խորությամբ ուսումնասիրել պարահանդեսային պարերը (հետագայում սպորտային պարեր), քանի որ Հայաստանում գոյություն ուներ ընդամենը երկու համույթ` մեկը Էջմիածնում` «Զվարթնոց», մյուսը Երեւանում` «Գարուն»:

Մի խոսքով` այս ժանրում շատ անելիքներ կային, թե ճիշտ հիմքերի վրա դնելու եւ թե զարգացնելու գործում: Ընդունվեցի «Գարուն» պարահանդեսային պարերի համույթ, որը ղեկավարում էր Արա Մխոյանը: Այնուհետեւ ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես անցա աշխատանքի հենց նույն համույթում, որպես ասիստենտ: Հետագայում 1995-ին ստեղծեցի եւ մինչ օրս ղեկավարում եմ սպորտային պարերի «Մատադոր» ակումբը: 1996-ից պարահանդեսային պարերը վերանվանվեցին սպորտային պարերի եւ հենց այդ ժամանակ Հայաստանում մի քանի ակումբների նախաձեռնությամբ հիմնադրեցինք Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան:

Որքանո՞վ է տվյալ ոլորտը զարգացած Հայաստանում, համեմատած այլ երկրների հետ:

Անկասկած արտերկրների մակարդակը շատ բարձր էր այդ տարիներին եւ քանի որ մեր հետաքրքրությունը շատ մեծ էր, մենք սկսեցինք պարբերաբար Հայաստան հրավիրել լավագույն մասնագետների սեմինար-դասընթացների համար: Մենք նույնպես մեկնում էինք արտերկիր մասնագիտանալու համար: Արդյունքում` համակարգված աշխատանքի եւ ճիշտ մոտեցման հետեւանքով Հայաստանում գրանցվեց զգալի աճ ու արագ զարգացում:

Սպորտային պարերով զբաղվելու համար ի՞նչ որակներ պետք է ունենալ:

Սպորտային պարերով զբաղվելու եւ հաջողությունների հասնելու համար պարողները նախ պետք է բնածին տաղանդ ունենան, հետագայում շատ կարեւոր է պարային տեխնիկայի եւ ֆիզիկական ընդունակությունների ճիշտ զարգացումը, իհարկե աշխատասիրությունն ամենակարեւոր հատկանիշներից մեկն է: Շատ եմ կարեւորում նաեւ մարզիչի գրագետ եւ ճիշտ աշխատանքը: Միայն քրտնաջան աշխատանքի եւ ամուր կամքի շնորհիվ կարելի է հասնել արդյունքի:

Սովորաբար ի՞նչ ոճի պարեր են ներկայացված այս ժանրում:

Սպորտային պարերում ներկայացված են երկու ոճ` եվրոպական եւ լատինաամերիկյան: Յուրաքանչյուր պարային ոճ իր մեջ ընդգրկում է հինգ պար: Եվրոպականում` դանդաղ վալս, տանգո, վիեննական վալս, դանդաղ ֆոքստրոտ, արագ ֆոքստրոտ, իսկ լատինաամերիկյանում` միայն սամբա, չա-չա-չա, ռումբա, պասոդոբլ, ջայվ: Զույգերը կարող են մրցել միայն մեկ ցանկացած ոճով եւ երկու ոճերով միաժամանակ: Կան զույգեր, որոնք մասնագիտացած են միայն մեկ ոճում եւ կան զույգեր, որոնք մրցում են երկու ոճերով:

Կա՞ տարիքային սահմանափակում: Քանի՞ տարեկանից են սկսում զբաղվել:

Սպորտային պարերով սկսում են զբաղվել 4-5 տարեկանից, իսկ տարիքային սահմանափակում չկա: Մրցույթներին մասնակցում են հետեւյալ տարիքային խմբերով` երեխա 1 (մինչեւ 9տ.), երեխա 2 (10-11տտ.), պատանի 1 (12-13տտ.), պատանի 2 (14-15տտ.), երիտասարդ (16-18տտ.), մեծահասակ (19-35տտ.), սենյոր (35-ից մեծ): Գոյություն ունեն նաեւ որակական կարգեր` սկսնակներ, ՙE՚ կարգ, ՙD՚ կարգ, ՙC՚ կարգ, ՙB՚ կարգ, ՙA՚ կարգ եւ ՙS՚ կարգ (միջազգային կարգ):

Կա՞ն սպորտային պարերի համաշխարհային մրցումներ, որոնց մասնակցում են հայ պարողները: Ի՞նչ հաջողություններ ենք գրանցել այս ոլորտում:

Ամեն տարի սպորտային պարերի միջազգային ֆեդերացիան (WDSF) աշխարհի տարբեր երկրներում անցկացնում է աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, որոնց մասնակցում են տարբեր երկրների լավագույն զույգերը եւ միեւնույն ժամանակ շատ հաճախ անցկացվում են համաշխարհային վարկանիշային տարբեր մրցույթներ: Հայաստանի մարզիկները բազմիցս մասնակցել եւ մասնակցում են այդպիսի մրցույթների` գրավելով մրցանակային տեղեր: Ֆեդերացիան իր գործունեության ընթացքում արդեն ունեցել է Կովկասի բազմակի չեմպիոններ, Արեւելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ եւ բազմաթիվ միջազգային մրցումների մեդալակիրներ ու հաղթողներ:

Սպորտային պարերը հավակնում են դառնալ օլիմպիական մարզաձեւ եւ ներկայացված կլինի 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում:  Ունե՞նք պարողներորոնք կարող են ներկայացնել Հայաստանը:

Սպորտային պարերն արդեն 1995-ից համարվում են մարզաձեւ եւ այդ ժամանակից մինչ օրս ամեն տարի անցկացվում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններ եւ գավաթներ: Մի քանի անգամ փորձեր են արվել օլիմպիական ընտանիք մտնելու համար, բայց չի հաջողվել: Միայն վերջերս Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում կայացրեց ճանաչել, որպես օլիմպիական մարզաձեւ եւ Բրազիլիայում Օլիմպիական խաղերին կլինեն ցուցադրական ելույթներ, այնուհետեւ 2020թ. Տոկիոյում առաջին անգամ կանցկացվեն սպորտային պարերի մրցումներ:

Ինչպիսի՞ն եք տեսնում սպորտային պարերի ապագան Հայաստանում:

Ֆեդերացիան եւ սպորտային պարերի զարգացումը Հայաստանում շատերի համար անհնարին ու անհավանական էր թվում, բայց փաստացի ակնհայտ է սպորտային պարերի աճը եւ զարգացումը Հայաստանում: Դրա վկայությունն են նաեւ բազմաթիվ պարային հեռուստանախագծերը: Հայաստանում սպորտային պարերն արագ զարգացում կարող են ապրել միայն պետական ֆինանսավորման առկայությամբ եւ իհարկե լավագույն առաջատար մասնագետներ հրավիրելու, սեմինար դասընթացներ անցկացնելու, սպորտաձեւը մասսայականացնելու միջոցով: Հուսով եմ` դա մեզ կհաջողվի:

Սյունե Առաքելյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ