09:18  +04,  28 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Նազիկ Ավդալյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Նազիկ Ավդալյան, ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ

Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին, Գյումրիում։

2007, 2009 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2008 թ․Եվրոպայի չեմպիոն, 2009 թ․աշխարհի չեմպիոն, 2016 թ․Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ (2009):

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռիո-2016 երկու ուղեգիր է նվաճել, որոնցից մեկի հասցեատերը Նազիկ Ավդալյանն է։

Ամուսնացած է, ունի որդի։

Անձնական մարզիչն է ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Ամեն ինչ սկսվեց․․․

Ծանրամարտով սկսել եմ զբաղվել չափահաս տարիքում՝ 18 տարեկանում։ Մինչ այդ էլ զբաղվում էի սպորտով՝ սպորտային ակրոբատիկայով, բայց 18 տարեկանում հաճախեցի ծանրամարտի։ Սկզբից ուղղակի մարզվում էի, բայց հետագայում արդեն սիրեցի ու հասկացա, որ պետք է շարունակեմ այս մարզաձեւով։

Մարզական կարիերաս կարծես երկու փուլի բաժանվեց, անկախ իմ կամքից․ մինչ ավտովթարը եւ դրանից հետո։ Բոլորին, ինձ էլ մի պահ թվում էր, թե կհեռանամ մեծ սպորտից, բայց կարողացա իմ մեջ ուժ գտնել եւ վերադառնալ։ Դեռ անելիքներ շատ ունեմ։ Այդ ընթացքում ամուսնացա, մայրացա․ տղաս դեռ մի քանի ամսական էր, մեջքիս երկրորդ վիրահատության ենթարկվեցի։ Լուրջ վիրահատություն էր, հեռացնում էին մեջքիցս մետաղները, որպեսզի կարողանամ մարզվել։ Ու ամեն ինչ ստացվեց, ինչպես կամենում էի։

Արդեն 1.5 տարի է մարզվում եմ։ Մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, դժվարություններից հետո նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հասկացա, որ զուր չեմ անցնում բոլոր այս դժվարությունները։

Կյանքում ամեն տեսակ դժվարությունների հանդիպել եմ, բայց ամենաբարդը երեխայի կարոտն է։ Որդիս արդեն համակերպվել է, որ ինձ մեկ շաբաթ չի տեսնելու, 2 օր տեսնելու է, մի ամիս չի տեսնելու եւ այդպես շարունակ․․․ Ինձ համար էլ շատ բարդ է նրանից հեռու գտնվելը, բայց յուրաքանչյուր դժվարություն իր հատուցումն ունի։ Առաջին հատուցումը  Եվրոպայի առաջնությունն էր։ Առջեւում Օլիմպիական խաղերն են։ Հույս ունեմ, որ զուր չի լինի զոհաբերությունս, տղայիս կարոտը։ Ամեն ինչ պետք է անեմ, որ զուր չլինի։

Ես ՝ Ռիո-2016-ի մասնակից․․․

Յուրաքանչյուր մարզիկի համար Օլիմպիական խաղերը երազանք են։ Ինձ համար էլ են երազանք եղել։ Օլիմպիական խաղեր ասելիս մարմնովս դող է անցել։ Երբ եկավ այն պահը, որ հասկացա՝ կարող եմ ու պատրաստ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, երազանքից դարձավ նպատակ։ Նպատակս իրականացավ։

Ես գնում եմ Ռիո․․․

Գնում եմ մեդալ նվաճելու․․․ Միշտ ասում եմ, մենք պլանավորում ենք, Աստված տնօրինում։ Հուսամ, ամեն ինչ լավ կլինի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ