18:20  ,  2 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Յուրի Պատրիկեեւ

NEWS.am Sport-ը սկսում է ներկայացնել 30-րդ Օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք նվաճած Հայաստանի 25 օլիմպիականներին։ Խաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին Լոնդոնում։

Յուրի Պատրիկեեւ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 28-ին։
Գերծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), աշխարհի առաջնությունների արծաթե (2010) եւ բրոնզե (2002, 2007) մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն (2002, 2004, 2008, 2009), երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Օլիմպիական մրցաշարում մեկնարկելու է օգոստոսի 6-ին
Ամուսնացած է, ունի դուստր

Յուրի Պատրիկեեւը Հայաստանի հավաքականի հիմնական հույսերից մեկն է: Փորձառու ըմբիշը միշտ էլ ապացուցել է իր բարձր կարգը տարբեր հեղինակավոր մրցաշարերում:

Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել յոթ տարեկանից: Առաջին քայլերը այս մարզաձեւում կատարել է Ռուսաստանի Կիրովոչեպեցկ քաղաքում:
Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում առաջին միջազգային մրցաշարին մասնակցել է 1994 թվականին:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2012 թվականի ապրիլին Սոֆիայում կայացած վարկանիշային մրցաշարում:
Անհատական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:
Հավաքականի մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը։

Յուրի Պատրիկեեւ
«Լոնդոնում, ինչպես եւ նոխորդ մրցումներում ես հետապնդելու եմ մեկ նպատակ՝
օլիմպիական ոսկե մեդալ: Բայց չմոռանանք, որ այդ նպատակով Անգլիա են ժամանելու համարյա բոլոր ըմբիշները: Գերծանր քաշային կարգում ներկա դրությամբ շատ ուժեղ մրցակիցներ կան, բայց կարծում եմ՝ մեդալի համար իմ հիմնական մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Կուբայի, Թուրքիայի
եւ Ղազախստանի մարզիկները: Բոլորն էլ հնարավորություն ունեն չեմպիոն հռչակվելու համար: Կան գործոններ, որոնք կարող են իրենց դերակատարումը ունենալ մրցաշարի ընթացքում: Վիճակահանությունն ու մրցավարությունը այդ գործոններից կարեւորներն են»:

Սամվել Գեւորգյան
«Մեր բոլոր ըմբիշներն էլ ձգտելու են առավելագույն արդյունքին: Լոնդոն
մեկնելու ենք ոչ թե առաջնորդվելով օլիմպիական սկզբունքով՝ կարեւորը մասնակցությունն է, այլ մեր հայրենիքին մեդալներ բերելու մեծ ցանկությամբ: Հեշտ մրցաշար չի լինելու ոչ մեկի համար, բայց կանենք հնարավորինը պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար: Յուրի Պատրիկեեւը նման հնարավորություններ ունի եւ հուսով եմ` կկարողանա հասնել բաղձալի նպատակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով