14:54  ,  7 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Լեւոն Աղասյան (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Լեւոն Աղասյան, աթլետիկա, եռացատկ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին, Մոսկվայում: Հարազատ քաղաքը՝ Կապան:

Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, 2013 թվականի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2014 թվականի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության չեմպիոն, 2015 թվականի Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, 2016 թվականի Բալկանյան երկրների ամառային առաջնության ոսկե մեդալակիր:

Անձնական մարզիչն է Արսեն Պետրոսյանը:

Ամուսնացած չէ:

Ամեն ինչ սկսվեց...

Սկսվեց 11 տարի առաջ իմ հարազատ Կապանում, քեռիիս շնորհիվ: Մանկության տարիներին ուղղակի սպորտի սիրահար էի: Նիշտ ուզում էի որեւէ մարզաձեւով զբաղվել, չեմպիոն լինել, հաղթել: Այդ ցանկությունն ինձ բերեց մեծ սպորտ ու մուտք գործեցի աթլետիկայի մարզադահլիճ: Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկությունն ու ձգտումը միշտ եմ ունեցել, հենց այն պահից, երբ սկսել եմ մարզվել: Առաջին օրվանից ինքս իմ առջեւ նպատակ եմ դրել մասնակցել ամենակարեւոր մրցաշարերի: Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկությունս վերջնական հաստատվեց ու ինձ համար նպատակ դարձավ դեռեւս 2008 թվականին, երբ առաջին անգամ հետեւեցի Պեկինի Օլիմպիական խաղերին:

Ռիո-2016-ի ուղեգիր նվաճեցի...

Երբ նվաճեցի օլիմպիական ուղեգիրս, անչափ ուրախացա, քանի որ ամենացանկալի երազանքներիցս մեկն իրականություն դարձավ: Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել եմ Արտաշատում անցկացված Հայաստանի առաջնությունում. եռացատկում գրանցել եմ 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվն է: Օլիմպիական ուղեգիր նվաճելն այդքան էլ բարդ չտրվեց ինձ, ավելի դժվար էր ուղեգրի նվաճմանը հասնելու ճանապարհը: Շատ-շատ դժվարությունների միջով եմ անցել՝ վնասվածքներ, ընտանեկան խնդիրներ:

Ես գնում եմ Ռիո...

Շատ մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել, պետք է շատ լավ մասնակցեմ Օլիմպիական խաղերին: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը ամենակարեւոր մարզական միջոցառմանը: Եվ ուրախ եմ, որ պատիվ ունեմ մասնակցել Օլիմպիական խաղերին եւ ներկայացնել Հայաստանը եւ, միաժամանակ,  մեծ պատասխանատվություն:

Սպասումներ, հույսեր...

Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, ինչպես աշխատել ենք ու տարիներ շարունակ գնացել մի նպատակով: Հույսերով ու սպասումներ եմ մեկնում Օլիմպիական քաղաք, քանի որ այս տարի ահռելի մեծ աշխատանք ենք արել, ջանք ու եռանդ դրել մեր յուրաքանչյուր մարզման մեջ: Գնում եմ շատ բարձր արդյունքներ ցույց տալու: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս