15:43  ,  22 հունիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանը ստացավ եւս երկու օլիմպիական ուղեգիր

Ռիո-2016 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմը կհամալրվի նաեւ 2 լողորդով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

«Միջազգային օլիմպիական կոմիտեից արդեն ստացել ենք Ռիո-2016-ի մասնակցության երկու ուղեգիր հավաքականի առաջատար լողորդների անուններով՝ Վահան Մխիթարյանի եւ Մոնիկա Վասիլյանի: Շատ ուրախ եմ, որ լողորդները եւս հնարավորություն ստացան մասնակցել Օլիմպիական խաղերին:

Դեռեւս Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը չենք սկսել: Այժմ նախապատրաստվում ենք Ռիգայում կայանալիք վերջին վարկանիշային մրցաշարին, որին կմասնակցի Վահան Մխիթարյանը: Տեսնենք Վահանն ինչ կանի վարկանիշային մրցաշարում, դրանից հետո նոր կորոշենք, թե ինչ ծրագրով են լողորդները մեկնարկելու օլիմպիական մարզումային փուլը: Իսկ սպիտակ քարտով ուղեգրերն արդեն ունենք, ինչի համար իսկապես անչափ ուրախ եմ»,- ասաց Միսակ Գաբրիելյանը:

Այսպիսով՝ Ռիո-2016-ի Հայաստանը կմասնակցի 31 օլիմպիականներով: Օլիմպիական նորմատիվները լրացնելու պայքարը դեռեւս շարունակում են հայ աթլետները: Աթլետիկայի օլիմպիական նորմատիվները լրացնելու մրցաշարերը կշարունակվեն մինչեւ հուլիսի 21-ը: Օլիմպիական ուղեգրերի համար հուլիսի 3-ին Վենեսուելայում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար նախատեսված միակ վարկանիշային մրցաշարում կպայքարեն նաեւ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը եւ ամերիկաբնակ Գաբրիել Տոլմաջյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ այս Հայաստանը Ռիոյի օլիմպիական ուղեգրեր է նվաճել 7 մարզաձեւից 29 մարզիկ. հունահռոմեական ըմբշամարտ՝ 4 ուղեգիր, ազատ ոճ՝ 4 ուղեգիր, բռնցքամարտ՝ 4, ծանրամարտ՝ 7 (տղամարդիկ՝ 5, կանայք՝ 2), մարմնամարզություն՝ 3, աթլետիկա՝ 5, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1 (սպիտակ քարտով):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով