14:13  ,  29 հունիսի, 2012

Հայ օլիմպիական չեմպիոնը կառավարությունից կստանա 30 միլիոն դրամ

Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում պետք է ունենար ոչ թե 25, այլ` 30 օլիմպիական. ՀԱՕԿ-ը պայքարել է Երջանիկ Ավետիսյանի եւ Ռոման Ամոյանի համար, բայց բոլոր նամակները եւ խնդրանքներն անպատասխան են մնացել: Այսօր` հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը:

«Մենք բավական ուժեղ եւ պատրաստված թիմով ենք ներկայանալու Օլիմպիական խաղերում: Հուսամ, այնտեղ խնդիրներ չենք ունենա, քանի որ ես արդեն մեկ անգամ եղել եմ Լոնդոնում եւ հանդիպել եմ կազմակերպիչների հետ: Մենք խնդրել ենք կազմակերպիչներին, որ հարեւան երկրների պատվիրակություններից հեռու սենյակներ հատկացնեն, որպեսզի խնդիրներ չունենանք: Պեկինում կրկին ես էի պատվիրակության ղեկավարը: Այդ ժամանակ էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարեւանություն չկար: Այդ ժամանակ ես մեկ ամբողջ օր պայքար տարա, որ մեզ տեղավորեն այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը:

Լոնդոնի օլիմպիական ավանում Հայաստանի դրոշը կբարձրացվի հուլիսի 21-ին։

«Հուլիսի 29-ին Լոնդոնի եկեղեցիներից մեկում լինելու է մեծ հայկական արարողություն, իսկ մինչ այդ հուլիսի 21-ին օլիմպիական ավանում հանդիսավոր պայմաններում բարձրացվելու է  Հայաստանի դրոշը: Պեկինում այդ արարողությանը մասնակցեց քաղաքապետը։ Լոնդոնում էլ մենք կանենք այնպես, որ հեղինակավոր անձնինք մասնակցեն այդ արարողությունը»,- հայտնեց Դերենիկ Գաբրիելյանը:

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը կառավարությունից ստացել է 180 միլիոն դրամ։ Այս գումարի մեջ չի մտնում պարգեւատրումները: Ինչպես Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ, այնպես էլ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի կառավորությունը ոսկե մեդալի համար նախատեսել է 30 միլիոն դրամ, արծաթե մեդալի համար` 20 միլիոն դրամ եւ բրոնզե մեդալի համար 10 միլիոն դրամ պարգեւավճար:

«Առանձին պարգեւատրում է նախատեսել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ հայտարարեց, որ ոսկե մեդալ նվաճած մարզիկին կնվիրաբերի 700.000 դոլար: Կարծում եմ, այս տարի նա իր խոսքի տերը կլինի եւ նույնքան գումար կնվիրի ոսկե մեդալակրին:
Իսկ թե ով է մեր թիվ մեկ հույսը եւ ումից ակնկալենք ոսկե մեդալ, առայժմ չեմ կարող  ասել»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը։

30-րդ Օլիմպիադայի խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոնդոնում։ Հայաստանը կունենա 25 մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում