13:50  ,  25 մարտի, 2016

Դմիտրի Ալենիչեւը՝ Յուրա Մովսիսյանի հավաքական չհրավիրվելու եւ «Սպարտակից» հեռանալու մասին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը մեկնաբանել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանին՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական այլեւս չհրավիրելու որոշումը:

«Իմ տեղեկություններով, Յուրան ամբողջ ուժերը չէր ներդնում հավաքականի խաղերում, իսկ ազգային թիմում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Եթե դու հավաքականում չես խաղում 100 տոկոսով, ապա ղեկավարությունն իրավունք ունի ձեռնարկել ինչ-որ բան: Ուրեմն առիթ եղել է: Այստեղ քննարկելու ոչինչ չկա: Մարզիչն է որոշում, թե ում պետք է հրավիրի: Հիմա ամեն ինչ կախված է Յուրայից: Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա դա պետք է ապացուցի խաղադաշտում: 

Արդեն ասել եմ, որ Մովսիսյանի մոտ չէի նկատում մեծ մոտիվացիա, որը կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Հենց այդ պատճառով որոշեցինք նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչեւ այս տարվա ավարտը վարձակալել է Յուրա Մովսիսյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում