22:42  ,  24 մարտի, 2016

Նիկիտա Սիմոնյան. Պելեից հետո ինձ համար երկրորդը Կրոյֆն էր

Կրոյֆը տոտալ ֆուտբոլն է, Պելեից հետո նա էր ինձ համար երկրորդը ֆուտբոլում, ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն, «Արարատի», «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:

«Կրոյֆը խաղացողի կարգավիճակում էլ խաղադաշտում մարզիչ եւ ղեկավար էր: Նա նետվում էր գրոհի եւ ժեստերով հուշում էր թիմակիցներին, թե ինչ դիրք գրավեն: Ողբերգական լուր է: Նրա հիշատակը լուսավոր է: Նա մեծագույնների շարքում էր՝ Պելե, Կրոյֆ, Մարադոնա, Դի Ստեֆանո, Պուշկաշ, Էյսեբիո: Եւ նա առաջիններից էր այդ ցուցակում»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին 68 տարեկանում թոքերի քաղցկեղից մահացած Կրոյֆը մինչեւ 44 տարեկան ակտիվ ծխող է եղել եւ ստիպված է թողել ծխելը միայն սրտի վիրահատությունից հետո: 

Կրոյֆը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Խաղացողի կարգավիճակում հանդես է եկել «Այաքսում», «Ֆեյենորդում», «Բարսելոնայում», «Լեւանտեում», «Լոս Անջելեսում» եւ «Վաշինգտոնում», դարձել է Հոլանդիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: Հոլանդիայի հավաքականում անցկացրած 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել է 1974թ. աշխարհի փոխչեմպիոն, 1976թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Կրոյֆը եղել է «Բարսելոնայի», «Այաքսի» եւ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը: 1988-1996 թվականներին նրա գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճել է 11 տիտղոս՝ Իսպանիայի չորս չեմպիոնություն, Իսպանիայի գավաթը, երեք անգամ սուպերգավաթը, Եվրոպական չեմպիոնների գավաթը, Եվրոպայի գավաթակիրների գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում