16:29  +04,  31 հունվարի, 2016

Օլիմպիական Արմեն Զաքարյան. Մեր Հայաստանն է եւ միշտ մեծ ուրախությամբ եմ գալիս այս հավաքներին

Իմ երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին եւ մեդալ նվաճել։ Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, այնպես էլ ես՝ երազում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց եթե նույնիսկ արծաթ կամ բրոնզ նվաճեմ, անչափ երջանիկ կլինեմ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, 2015թ. AIBA ProBoxing-ի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականում 64 կգ քաշային կարգը ներկայացնող, Ռիո-2016 ուղեգիր նվաճած 25-ամյա Արմեն Զաքարյանը:

Այս տարվա հունվարի 15-ից բռնցքամարտի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում, որին մասնակցում է նաեւ Արմեն Զաքարյանը։ Հավաքը կավարտվի հունվարի 31-ին։

«Ես Ռուսաստանի հավաքականի հետ արդեն 5-րդ անգամ եմ Ծաղկաձորում մասնակցում ուսումնամարզական հավաքներին։ Այստեղ իսկապես հրաշալի պայմաններ են, լավ են անցնում մեր մարզումները եւ, ամենակարեւորը, արդյունավետ են։ Դրան նպաստում է Ծաղկաձորի կլիման։ Բացի այդ, մարզադահլիճը շատ լավն է, ընդարձակ. հաճույքով եմ մասնակցում այս հավաքներին, քանի որ իմ հայրենիքում եմ եւ այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Սա մեր Հայաստանն է եւ ես միշտ մեծ ուրախությամբ եմ գալիս։

Այս տարին մեծ ծանրաբեռնվածությամբ ենք սկսել, առջեւում շատ կարեւոր ստուգատես ունենք՝ Օլիմպիական խաղեր։ Ես արդեն ունեմ օլիմպիական ուղեգիր, ինչի համար շատ ուրախ եմ։ Բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, որ Ռիոյում 64 կգ քաշային կարգում Ռուսաստանը ես եմ ներկայացնելու։ Այս քաշային կարգում մենք ունենք նաեւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Վիտալի Դունայցեւ, եւ դեռ որոշված չէ, թե երկուսիցս ով կմասնակցի Օլիմպիական խաղերին։ Ես շարունակում եմ մարզումներս, նպատակային, ամբողջ ուժերս ներդրել եմ մարզումներիս վրա, մինչեւ բռնցքամարտի Ռուսաստանի ֆեդերացիան եւ մարզչական կազմը որոշում կկայացնեն։ Ինձ համար կարեւորն այն է, որ կարողացել եմ նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։

Եթե ֆեդերացիան եւ մարզիչները որոշեն ինձ տալ մասնակցելու իրավունքը, ամեն ինչ կանեմ, որ օլիմպիական մեդալ նվաճեմ։

Եթե մասնակցեմ Օլիմպիական խաղերին, խոստանում եմ, որ ոչինչ չեմ խնայի՝ մեդալ նվաճելու համար»,- ասաց Արմեն Զաքարյանը։

Եվրոպայի չեմպիոնը Ռուսաստանի հավաքականում հանդես է գալիս 2013 թվականից: Գյումրեցի ծնողների զավակն արդեն ապահովել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր խաղարկող սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) Pro Boxing մրցաշարի մենամարտում (2015թ. սեպտեմբերի 22, Համբուրգ) Արմեն Զաքարյանը պարտվել էր Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանին։ Չնայած պարտությանը, երկու հայ բռնցքամարտիներն էլ այդ մրցաշարում նվաճեցին օլիմպիական ուղեգրեր։ Հարկավոր էր միայն մասնակցությունը, քանի որ օլիմպիական վարկանիշ նա հավաքել էր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ