18:11  +04,  25 հունվարի, 2016

Ալեքսանդր Լեբզյակ. Օլիմպիական ոսկե մեդալ եմ ակնկալում Միշա Ալոյանից

Հայ բռնցքամարտիկների աչքերում կրակ է վառվում, ես ամեն անգամ դա տեսնում եմ մրցումների ժամանակ, նրանք երիտասարդ են եւ ծարավ են հաղթանակների, հայերը լավ կռվողներ են, նրանց միայն պակասում է դպրոցը։Ես համոզված եմ, որ Հայաստանի թիմը կնվաճի օլիմպիական ուղեգիր եւ հայ բռնցքամարտիկները դուրս կգան պայքարի Ռիոյում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը:

Այս օրերին բռնցքամարտիտ ղամարդկանց Ռուսաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Ազգությամբ հայ բռնցքամարտիկներից հավաքին մասնակցում է միայն Եվրոպայի չեմպիոն եւ Ռիո-2016 ուղեգիր նվաճած Արմեն Զաքարյանը։ Բացակայում են աշխարհի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միշա Ալոյանը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանը։

Պարոն Լեբզյակ, Ռուսաստանի հավաքականը օլիմպիական տարվա առաջին հավաքը անցկացնում է Ծաղկաձորում։ Ինչո՞վ են պայմանավորված ձեր հավաքականի արդեն ավանդույթ դարձած ծաղկաձորյան հավաքները։

Նախ՝ ես սիրում եմ Ծաղկաձորը, այստեղ շատ հարմար է մարզվելու համար։ Մենք գտնվում ենք բարձր լեռնային պայմաններում՝ 2500-2600 մ բարձրության վրա։ Սա այն բարձրադիր գոտին է, որը մեր մարզիկներին հարկավոր է եւ մարզիկների համար շատ օգտակար է ֆիզիկապես եւ ֆունկցիոնալ մարզվել, մարզավիճակ հավաքել։Այստեղ հրաշալի պայմաններ են։ Բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մեր բռնցքամարտիկներին լավ նախապատրաստվել մրցաշարերին։ Ծաղկաձորում մեր մարզիկները նաեւ պինդ առողջություն են ձեռք բերում։ Այն հավաքները, որոնք մենք անցկացնում ենք Ծաղկաձորում, մեզ ամբողջ կես տարի բավարարում են ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելու համար։ Դա է պատճառը, որ տարին երկու անգամ՝ ձմռանը եւ ամռանը մենք ծրագրում ենք հավաք անցկացնել հենց այստեղ։

Ի դեպ, ինչպե՞ս է Ձեզ ձյունառատ Ծաղկաձորը։

Անչափ գեղեցիկ է, աննկարագրելի։ Հաճելի է ականատես լինել իսկական մաքուր ձմռանը։ Երեւի թե ոչ մի տեղ այսքան գեղեցիկ չէ ձմեռը։ Մյուս քաղաքներում, նույն Երեւանում, Մոսկվայում կրկին այսքան շատ ձյուն է տեղում, բայց ձյունն այսքան սիրուն չէ։ Այստեղ ամեն ինչ այնքան սպիտակ է, ճերմակ, մաքուր, որ նույնիսկ ցուրտը չի խանգարում:

Ի՞նչ ուղղվածություն ունի օլիմպիական տարվա առաջին հավաքը, քանի՞ բռնցքամարտիկ է մասնակցում եւ ի՞նչ կհաջորդի այս հավաքին։

Հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը։ Մասնակցում է շուրջ 50 բռնցքամարտիկ՝ մեծահասակների եւ երիտասարդների հավաքականները։ Հավաքին չեն մասնակցում Դավիթ Հայրապետյանը, ՄիշաԱլոյանը։ Դավիթ Հայրապետյանը վատառողջ էր, նա վերականգնվում է, իսկ Միշա Ալոյանը անհատական է մարզվում, քանի որ պատրաստվում է AIBA Pro Boxing-ի մենամարտի, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է։ Այստեղ է Արմեն Զաքարյանը եւ եւս մի քանի հայ տղաներ։

Հավաքի նպատակը ֆիզիկական պատրաստվածությունն է, որպեսզի այս բարդ ու շատ կարեւոր տարվա համար հավաքենք մեր բոլոր ուժերը, եւ այն կարողանա մեզ ծառայել մինչեւ Օլիմպիական խաղերի ավարտը։ Այս հավաքից հետո մեկ շաբաթ մարզիկները կհանգստանան եւ արդեն կսկսենք կոնկրետ տեխնիկական աշխատանք կատարել, մարզիկների մասնագիտական որակների վրա աշխատել, մարզավիճակ հավաքել։

Պարոն Լեբզյակ, այս տարին, թերեւս ամենակարեւորն է՝ օլիմպիական է։ Ի՞նչ սպասելիքներ ունեք Ռիո-2016-ից, ոսկե մեդալի ակնկալիք ունե՞ք եւ ումի՞ց։

Սա իմ արդեն երկրորդ Օլիմպիական խաղերն է՝ Պեկինի եւ Ռիո։ Լոնդոնի-2012-ի ժամանակ ես չէի գլխավորում հավաքականը, հետո վերադարձա։ Օլիմպիական խաղերից առաջ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց ես ոսկե մեդալներ եմ ակնկալում Միշա Ալոյանից, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վիտալի Դունայցեւից, եւ եւս մի քանիսից։ Այս բռնցքամարտիկներից ես ոչ միայն ոսկե, այլ առհասարակ մեդալների սպասելիքներ ունեմ։ Հավատում եմ նրանց ուժերին։  Բայց սրանք դես սպասելիքներ են, ցանկություններ, դեռ շատ պետք է աշխատենք, մարզվենք։ Անելիքներ շատ կան։ Պետք է բոլոր սխալները ուսումնասիրենք, մեր բացթողումները, թերությունները գիտենք, եթե շատ մարզվենք, լավ աշխատենք, անպայման հաղթանակ կլինի։

Այս հավաքին մասնակցող Արմեն Զաքարյանի մասին ի՞նչ կասեք։ Վերջերս նա անցկացրեց AIBA Pro boxing-ի մենամարտ եւ օլիմպիական ուղեգիր նվաճեց։ Նա կընգրկվի՞ օլիմպիական թիմում։

Արմեն Զաքարյանը հեռանկարային մարզիկ է, լավ հնարավորություններ ունի, ուժեղ բռնցքամարտիկ է, Եվրոպայի չեմպիոն է։ Նրան ես հավատում եմ, բայց մի խնդիր կա։ Մենք այդ 64 կգ քաշային կարգում ունենք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վիտալի Դունայցեւ, եւ դեռ մտածում ենք, թե Ռիո-2016-ում ով կներկայացնի Ռուսաստանը այդ քաշային կարգում։ Արդեն ապրիլ ամսին պարզ կլինի, այդ քաշային կարգում մեկ, թե երկու ներկայացուցիչ կունենանք Օլիմպիական խաղերում։

Քանի՞ ուղեգիր այս պահին ունի Ձեր թիմը։

8 ուղեգիր ունենք եւ պակասում է եւս 2 ուղեգիր։ Մեզ մնացել է նվաճել երկու ուղեգիր, առջեւում ունենք երեք հնարավորություն այդ ուղեգրերը նվաճելու՝ ապրիլին Թուրքիայի մրցաշարը, մայիսին՝ Սոֆիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը եւ մեր վերջին հնարավորությունը Բաքուն է։ Եթե այս երկու մրցաշարերում մեր բռնցքամարտիկներին չհաջողվի, բոլոր ուժերը կկենտրոնացնենք Բաքվի վարկանիշային մրցաշարի վրա։

Հայաստանի հավաքականը դեռեւս Օլիմպիական ուղեգիր չունի։Ի՞նչ կասեք մեր թիմի հնարավորությունների մասին։

Ես տեղյակ եմ, որ Հայաստանի թիմին դեռ չի հաջողվել օլիմպիական ուղեգիր նվաճել։ Տեղյակ եմ նաեւ, որ փոխվել է հավաքականի գլխավոր մարզիչը, այժմ հայ բռնցքամարտիկներին մարզում է Կարեն Աղամալյանը, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես միշտ ասում եմ, որ Հայաստանի հավաքականը դեռեւս երիտասարդ հավաքական է, այս թիմը մեծ հաջողությունների է հասնելու, բայց դեռ շատ աշխատանք պետք է տարվի։ Ես համոզված եմ, որ Հայաստանի թիմը կնվաճի օլիմպիական ուղեգիր եւ հայ բռնցքամարտիկները դուրս կգան պայքարի Ռիոյում։ Չեմ ասում՝ ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներ կնվաճեն, բայց մաղթում եմ, որ հայ մարզիկները Օլիմպիական խաղերից հայրենիք վերադառնան մեդալով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ