21:23  ,  28 դեկտեմբերի, 2015

Հայաստանի լավագույն մարզիկները ստացան Hundai Elantra

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց 2015թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկներին: Այս տարի բոլոր տասը մարզիկներին ՀԱՕԿ նախագահը նվիրեց Hundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ: Բաքվի Խաղերին լավագույնս մասնակցելու համար ավտոմեքենաներով պարգեւատրվեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Մաքսիմ Մանուկյանը եւ հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:

Հայաստանի լավագույն 10 մարզիկների կողմից՝ ի շնորհակալություն Գագիկ Ծառուկյանի մարզաշխարհի նկատմամբ ուշադրության, 2015 թվականի լավագույն մարզիկներ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը խորհրդանշական նվեր հանձնեցին ՀԱՕԿ նախագահին:

ՀԱՕԿ նախագահն իր հերթին, 2015 թվականի տասը լավագույն մարզիկների ստորագրությամբ իր եւ մարզիկների կողմից գավաթ նվիրեց նախագահ Սերժ Սարգյանին: Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար ՀԱՕԿ-ի հուշամեդալներով պարգեւատրվեցին Արամ Մարգարյանը եւ Անուշավան Սահակյանը, մարզիչներ Վազգեն Բադալյանը, Կարեն Աղամալյանը:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ նախագահի կողմից ՝ «Վարազդատ Արշակունի» մեդալով պարգեւատրվեց 2002 թվականի ըմբշմարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը եւ ըմբշամարտի 1994 թվականի Եվրոպայի չեմպիոն Անուշավան Սահակյանը, «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրվեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, «Ալբերտ Ազարյան» մեդալով պարգեւատրվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, «Վլադիմիր Ենգիբարյան» մեդալով` բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Հայաստանի նախագահն անձամբ վաստակավոր մարզիչի կոչում շնորհեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, ըմբշամարտի պետական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Մարտին Ալիխանյանին:

Սպորտի ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում շնորհվեց Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոցի տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանին, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի պետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ (NEWS.am Sport-ը չի մասնակցում հարցմանը): Երկրորդ տեղում է հայտնվել Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյան, իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում հրաշալի խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում եւ արժանանում եվրոպական մամուլի բարձր գնահատականին, տեղ չի գտել նույնիսկ լավագույն տասնյակում:

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:       

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ալեքսանյանը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին

1. Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339  միավոր

2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267                 

3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265                            

4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231

5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113                                       

6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107

7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106

8. Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ - 101

9. Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ - 99

10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95        

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով