22:50  ,  18 նոյեմբերի, 2015

Լուիս Սուարես. Կփորձեմ ցավ չպատճառել Սերխիո Ռամոսին

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստացել է «Ռեալի» հետ առաջիկա խաղում անմիջական պայքարի մեջ չմտնել Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, որն ունի ուսի վնասվածք:

«Անմիջական հպման չեմ գնա Ռամոսի հետ: Գիտեմ, որ նրա ուսը վնասված է: Կձգտեմ նաեւ իրանով կոշտ չխաղալ, բայց ֆունտբոլն անկանխատեսելի է եւ երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում, չեմ ցանկանում ցավ պատճառել նրան:

Մեր թիմը 100 տոկոսով պատրաստ է: Մեսիի մասին ոչինչ չեմ կարող ասել: Նրա մասնակցության մասին որոշում կընդունի մարզչական շտաբը»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 հանդիպումներում խփել է 13 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Կատալոնական ակումբը 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» հետ է երեք միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում