19:33  ,  7 նոյեմբերի, 2015

ՖԱՖ-ը կոչ է անում մասնակցել դեպի ՀՖՖ-ի շենք երթին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբ ՖԱՖ-ը («Առաջին ճակատ») հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք հավաքականի ելույթների վերաբերյալ ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս, որտեղ կխոսվեր նաեւ մեր պահանջների մասին, սակայն, մինչ օրս չկա որեւէ արձագանք:
Մինչեւ նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու եւ տեր կանգնելու ներկայացված պահանջներին:

Սիրելիʹ երկրպագուներ, միʹ եղեք անտարբեր, միʹ բոյկոտեք ֆուտբոլը, միʹ եղեք հավաքականի կողքին միայն հաղթանակների ժամանակ: Սա յուրաքանչյուր հայ երկրպագուի հարցն է, ով գոնե մեկ անգամ ուրախացել է հավաքականով, ով ցանկանում է տեսնել ուժեղ հավաքական եւ ապրում է հավաքականով: Ազգային հավաքականը պատկանում է մեզ բոլորիս: Նոյեմբերի 16-ին կոչ ենք անում բոլոր երկրպագուներին մասնակցել մեր երթին դեպի ՀՖՖ: Պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում եւ ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

Շարֆերով, եռագույններով, պաստառներով հավաքվում ենք նոյեմբերի 16-ին` ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ, երթը կմեկնարկի 18:00»,- նշվում է հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում