19:24  ,  2 հոկտեմբերի, 2015

Ջորկաեֆի գլխավորած թիմը ոչ ոքի խաղաց Հայաստանի լրագրողների թիմի հետ, NEWS.am Sport-ի խմբագիրը՝ գոլի հեղինակ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում մասնակցել է բարեգործական հանդիպման: Մրցակիցը եղել է Հայաստանի լրագրողների հավաքականը: «Փյունիկ» ակումբի մարզադաշտում կայացած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: Լրագրողների թիմի կազմում աչքի է ընկել NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը, ում գոլին բանկի թիմն առաջին խաղակեսում պատասխանել է անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածով: Լրագրողների թիմում խաղացել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսեում: Յուրի Ջորկաեֆը եւս մասնակցել է միայն երկրորդ խաղակեսին, որը տեւել է 20 րոպե:

Լրագրողների թիմում ընդգրկված են NEWS.am-ի, Mediamax.am-ի, «Հայաստանի Հանրապետություն» թերթի, Առաջին ալիքի, «Արմենիա» հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի ու այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: 

Յուրի Ջորկաեֆը Երեւանում ֆուտբոլ խաղացել էր նաեւ 1999-ի սեպտեմբերի 8-ին, երբ Եվրո-2000-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը «Հրազդան» ստադիոնում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ: Այդ օրը Հայաստանի հավաքականից աչքի ընկան Կարապետ Միքայելյանն ու Արմեն Շահգելդյանը, իսկ ֆրանսիացիներից՝ Զինեդին Զիդանը, Լիլիան Լասլանդը եւ հենց Յուրի Ջորկաեֆը:

Հայաստանի լրագրողների հավաքականը ստեղծվել է 2014-ի սեպտեմբերին եւ մինչեւ օրս անցկացրել է 3 հանդիպում: Առաջին խաղը լրագրողներն անցկացրել են Հայաստանի մարզիչների հավաքականի հետ՝ պարտվելով 3:7 հաշվով, իսկ երկրորդ մրցավեճում Երեւանի «Հրազդան» ստադիոնում 2:0 հաշվով առավելության են հասել Ազգային ժողովի թիմի նկատմամբ: Երրորդ մրցակիցն էր Պաշտպանության նախարարության թիմը, որի դեմ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 8:8:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում