13:05  ,  9 սեպտեմբերի, 2015

Ռոբերտ Էմմիյան. Վաղեմի երազանքս վերջապես իրականանում է

Երկար տարիների երազանքս վերջապես իրականանում է: Հայաստանում կանցկացվի միջազգային կիսամարաթոն: Այսքան տարի լինելով սպորտում՝ գրանցելով ռեկորդներ եւ հաղթանակներ, ունեցել եմ մի երազանք՝ Հայաստանում անցկացնել այս միջոցառումը: Ես նույնպես կվազեմ եւ կփորձեմ ամբողջ վազքուղին անցնել բոլորի հետ միասին

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Երեւանում հոկտեմբերի 3-ին կկայանա միջազգային կիսամարաթոն, որը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:

«Հայաստանում առաջին անգամ եմ մասնակցում ասուլիսի, 40 տարի կյանքս նվիրել եմ աթլետիկային, բայց երբեք ասուլիս տալու հնարավորություն չեմ ունեցել: Շատ ուրախալի առիթ կա: Իրականանում է իմ վաղեմի երազանքը. Երեւանում հոկտեմբերի 3-ին կանցկացվի միջազգային կիսամարաթոն: Այսքան տարիներին հաջողությունների, ռեկորդների հետ մեկտեղ չեմ դադարել երազել, որ Հայաստանում մի օր կազմակերպվի եւ անցկացվի միջազգային կիսամարաթոն: Երազանքս իրականացելու համար ինձ օգնել է Հայաստանի սպորտի նախարարությունը: Այս մրցարշավը սպորտի նախարարության եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հավատարմագրված միակ պաշտոնական վազքարշավն է եւ կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել աթլետիկա մարզաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ եւ զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:

Կիսամարաթոնը կանցկացվի Հանրապետության հրապարակում: Լինելու է 4 վազքարշավ՝ կիսամարաթոն՝ 21,097 կմ, փոխանցումավազք՝ 2 անգամ 10,550 կմ, վազք՝ 5 կմ, վազք 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ: Կիսամարաթոնը բոլորի համար է, վազքին կարող են մասնակցել տարբեր տարիքի անձիք, բոլոր ցանկացողները: Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել 3000 ցանկացողներ: Ունենք պատվավոր հյուրեր, ես հրավիրել եմ ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին եւ նրա եղբայր Դենիսին, աշխարհահռչակ շանսոնյեի որդի Միշա Ազնավուրին, եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահների եւ փոխնախագահների: Ես նույնպես կվազեմ, կփորձեմ ամբողջ վազքուղին անցնել բոլորի հետ: Ցանկանում եմ, որ հոկտեմբերի 3-ը դարձնենք գեղեցիկ տոն: Կցանկանայի, որ ունենայինք շատ մասնակիցներ՝ մարզիկներ, դպրոցականներ, մեծահասակներ, երիտասարդներ: Բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկ եւ մեդալներ, իսկ հաղթողները՝ նաեւ դրամական պարգեւներ», - ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում