14:10  +04,  11 սեպտեմբերի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյան. Եթե մնայի Հայաստանում, գուցե մարզական կարիերա չունենայի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանին Հայաստանում քչերն են ծանոթ: Արսեն Գուլամիրյանը երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն մինչեւ 18 տարեկանների պայքարում, Ֆրանսիայի գավաթակիր է, եղել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականի 90 կգ քաշային կարգում ուղեգիր նվաճած միակ օլիմպիականը, սակայն չի մասնակցել Օլիմպիական խաղերին: Արսեն Գուլամիրյանն այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է: Նրա նպատակն է նվաճել պրոֆեսոինալ բռնցքամարտի բոլոր տիտղոսները:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց մարզիկի հետ Հայաստանը լքելու, մարզական կարիերայի, հաջողությունների եւ անհաջողությունների, Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը ձեռքից բաց թողնելու պատճառների մասին:

Արսեն, ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցիր Ֆրանսիայում: Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել բռնցքամարտով:

Ծնվել եմ Երեւանում: 7 տարեկանից ընտանիքով տեղափոխվել ենք Ֆրանսիա՝ Փարիզ: Հայաստանը լքելու պատճառը սոցիալական խնդիրներն էին: Սպորտի նկատմամբ սեր դեռ մանկուց եմ ունեցել: Փարիզում 9 տարեկանից սկսեցի ֆուտբոլի հաճախել: Երկու տարի մարզվեցի. բայց ֆիզիկական տվյալներս թույլ չէին տալիս, որ առաջընթաց ունենայի ֆուտբոլում. գեր էի եւ չէի կարողանում լավ վազել:

Ես ինքս էլ զգում էի, որ ֆուտբոլ խաղալ դժվարանում եմ, ծանր էի, շուտ էի հոգնում: Այդպես ինքնակամ դուրս եկա ֆուտբոլից: Դպրոցական մի ընկեր ունեի, խորհուրդ տվեց բռնցքամարտով զբաղվեմ: Նրա խորհրդով գնացի բռնցքամարտի մարզադահլիճ ու այդ օրվանից սիրահարվեցի բռնցքամարտ մարզաձեւին: Մի քանի մարզումներից հետո հասկացա, որ բռնցքամարտել ինձ մոտ ստացվում է եւ նվիրվեցի այս մարզաձեւին: Միայն ափսոսում եմ, որ ավելի վաղ տարիքից չեմ սկսել, 13 տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի բռնցքամարտի մարզումներին: Արդեն 15 տարեկանում ունեցա իմ առաջին հաջողությունը՝ Ֆրանսիայի պատանիների չեմպիոն, 16 տարեկանում եւս պատանիների առաջատարն էի, 17 տարեկանից արդեն Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի անդամ էի, 2 անգամ եղել եմ Ֆրանսիայի երիտասարդների չեմպիոն իմ քաշային կարգում: Միջազգային մրցաշարերից հաղթել եմ Ֆրանկոֆոնիայի մրցաշարում՝ չեմպիոն,  Միջերկրածովյան երկրների միջեւ միջազգային վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր եմ, տարբեր միջազգային մրցաշարերի մրցանակակիր եմ, ոսկե, արծաթե բրոնզե մեդալներ ունեմ:

Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիր սիրողական բռնցքամարտից տեղափոխվել պրոֆեսիոնալ:

Իրականում բոլոր բռնցքամարտիկների ճակատագիրն էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտն է, պրոֆեսիոնալ ռինգը: Սիրողական բռնցքամարտը յուրաքանչյուր բռնցքամարտիկի համար կարծես դպրոց լինի՝ համալսարանից առաջ. դպրոցում պետք է սովորել, որ կարողանաս համալսարանում պրոֆեսիոնալ դառնալ: Նույնն էլ բռնցքամարտում է: Ես 4 տարի Ֆրանսիայի ազգային հավաքականում եմ եղել: 2011 թվականի հունիսից մինչեւ Լոնդոն -2012-ի Օլիմպիական խաղերը, կտրուկ փոփոխություն եղավ մարզական կյանքումս. ես անսպասելի լքեցի ֆրանսիայի հավաքականը, սիրողական բռնցքամարտը եւ տեղափոխվեցի պրոֆեսիոնալ ռինգ: Մինչեւ 2011 թվականի հունիս ես Օլիմպիական խաղերի մասնակից էի, Ֆրանսիայի բռնցքամարտի հավաքականի օլիմպիականների կազմում էի, քանի որ ունեի վարկանիշ: Բայց Ֆրանսիայի բռնցքամարտի ֆեդերացիայի  հետ տարաձայնություններ ունեցա եւ որոշեցի, որ ես չեմ մասնակցելու Օլիմպիական խաղերին: 90 կգ քաշային կարգում միակ ներկայացուցիչը ես էի, ով ուներ օլիմպիական վարկանիշ: Այժմ հետ հայացք եմ գցում եւ ափսոսում, որ բաց թողեցի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունս. ես պետք է մասնակցեի Օլիմպիական խաղերին: Ամեն մարզիկի չէ, որ բախտ է տրվում դառնալ Օլիմպիական խաղերի մասնակից:

Ես հասկանում եմ, որ շատերի համար նույնիսկ երազանք է Օլիմպիական խաղերին թեկուզ միայն մասնակցելը, բայց ես այդ պահին շարժվեցի ամբիցիաներով եւ որոշեցի այդ իմ քայլով դաս տալ ֆեդերացիայի ղեկավարներին, քանի որ իմ քաշային կարգում այլ ներկայացուցիչ չկար եւ այդպես էլ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականը 90 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունեցավ:

Ի՞նչն էր կոնֆլիկտի պատճառը, որ հրաժարվեցիր անգամ Օլիմպիական խաղերին մասնակցելուց:

Պատճառը ֆինանսների հետ էր կապված: Չէին վարձատրում ինձ այնքան, որքան հարկն էր: Ես հասկանում եմ, որ ես մեծ բան եմ կորցրել, մեծ հնարավորություն: Պրոֆեիսոնալ բռնցքամարտում կարող ես լինել աշխարհի չեմպիոն, բայց աշխարհը քեզ ճանաչելու է միայն այն ժամանակ, երբ Օլիմպիական խաղերում հաղթես: Օլիմպիական չեմպիոնն ամենաբարձր տիտղոսն է աշխարհում, եւ ես դա շատ լավ եմ գիտակցում:

Հիասթափություն ունեցա, բայց ես չկորցրեցի ինձ այդ հիասթափության մեջ, քանի որ առջեւում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները նվաճելու նպատակներն էին ինձ սպասում: Ես նայում էի առաջ:

Ինձ ֆեդերացիան փնտրում էր, առաջարկում էր վերադառնալ իմ քաշային կարգ, շարունակել պայքարել հաջորդ Օլիմպիական խաղերի համար, բայց ես արդեն հստակ որոշել էի, որ ես պետք է հեռանամ սիրողական բռնցքամարտից: Ես երազում եմ դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի, աշխարհի չեմպիոն բոլոր վարկածներով: Եվ փորձում եմ աստիճանաբար հասնել իմ նպատակներին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ դժվար է վեր բարձրանալը, ավելի հետաքրքիր է: Սիրողական բռնցքամարտում հեշտ է մեդալներ նվաճելը, իսկ պորֆեիսոնալ ամեն հաղթանակից հետո ավելի բարդ, ուժեղ ու ավելի լավ բռցնքամարտիկի հետ ես հանդիպում, գնալով դառնում է ավելի դժվար պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտի նվաճելը: Ես ինձ պրոֆեսիոնալ բռնքամարտում լավ եմ զգում, ինձ դուր է գալիս ամեն անգամ ռինգ դուրս գալ ինձանից ուժեղ մրցակցի հետ եւ հաղթել նրան:

Հետեւո՞ւմ ես պրոֆեսիոնալ բռնցքամարտում ազգությամբ հայ բռնցքամարտիկների հաջողություններին աշխարհում: Ո՞ւմ ոճն է քեզ ավելի մոտ, ո՞ւմ ես երկրպագում:

Հետեւում եմ գրեթե բոլորին: Փորձում եմ հնարավորության դեպքում ներկա լինել մեր մարզիկների մենամարտերին: Երկրպագում եմ բոլորին, մասնավորապես՝ Արթուր Աբրահամին, Վիկ Դարչինյանին, Վանես Մարտիրոսյանին:  Այս երեկ մարզիկներն ինձ համար իսկական հերոսներ են, նրանք աշխարհին ցույց են տվել հայկական բռնցքամարտը, հայի ուժը, ոճը: Աբրահամի մենամարտելու ոճն ինձ ավելի հոգեհարազատ է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է անցկացնում մենամարտերը Արթուրը: Փորձում եմ բաց չթողնել Արթուրի մենամարտերը: Օրինակ՝ ներկա էի Արթուրի նախավերջին՝ Փոլ Սմիթի հետ հաղթական մենամարտին: Ցավոք, Ռոբերտ Շտիգլիցի հետ հաղթական մենամարտին չկարողացա ներկա գտնվել, քանի որ այդ ընթացքում մարզումների մեջ էի:

Հայկական բռնցքամարտի մասին ի՞նչ կասես:

Հայաստանում բռնցքամարտը զարգանում է: Մենք շատ լավ տղաներ ունենք: Օրինակ՝ եղել եմ Էջմիածնի մարզադպրոցում եւ տեսա, թե ինչ լավ սերունդ է գալիս: Տղաները շատ ձիգ են, ուժեղ հարվածներ ունեն, լավ տեխնիկա: Ուղղակի մի խնդիր կա, այս տղաներին պետք է հետեւել, նրանց հետեւից պետք է գնալ, առաջ տանել, օգնել: Հետեւում եմ նաեւ Հայաստանի հավաքականի մրցելույթներին: Նույնը կասեմ հավաքականի անդամների մասին: Մեր բռնցքամարտիկները շատ ուժեղ են, բոլորն էլ կռվելու պատրաստ եւ վստահ եմ, որ հայկական բռնցքամարտը դեռ իր մասին շատ խոսել կտա:

Արսեն դու այժմ ներկայացնում ես Ֆրանսիան: Մտածե՞լ ես Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին:

Ես Ֆրանսիայի դրոշի տակ եմ մենամարտում, բայց իմ սիրտը միշտ հայկական դրոշի տակ է լինում: Ես միշտ, իմ յուրաքանչյուր մենամարտերի ժամանակ հայկական դրոշն եմ բռնում: Մենամարտն ավարտվում է եւ իմ ձեռքում միշտ լինում է Հայաստանի եռագույնը: Ես մինչ օրս Հայաստանից նման առաջարկ չեմ ստացել: Բնական է, որ շատ կցանկանայի, եթե լավ առաջարկ լինի, լավ պրոմոուտերական թիմ լինի, ով կաշխատի ինձ հետ, եթե լինեն լավ պայմանագրեր, ես պատրաստ եմ ամբողջ աշխարհում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ցավոք, նման առաջարկներ եւ նույնիսկ հեռանկարներ չկան, ես չեմ տեսնում:

Հայաստան վերադառնալու, այստեղ հաստատվելու, մարզական կարիերան շարունակելու նպատակներ ունե՞ս:

Երեւի՝ ոչ: Չեմ խաբի: Ես սիրում եմ Հայաստանը, ինձ համար Երեւանը աշխարհի սիրտն է, շատ սիրուն է մեր երկիրը, մեր քաղաքը, ամեն ինչ կա, բայց ապրելու ձգտում չկա: Այս շքեղության մեջ, որ տեսնում եմ ժողովրդին, ցավ եմ ապրում: Տանջված են, դժվար ապրող, տխրում եմ, երբ տեսնում եմ այս քաղաքում ապրող տանջված մարդկանց տխուր հայացքները: Մարդիկ դժվար են ապրում: Իմ մեջ հիասթափություն է մնացել. գուցե 7 տարեկանից մնացած հիասթափություն, որ ես, իմ ընտանիքը վատ պայմանների, ապրելու միջոց չունենալու պատճառով ստիպված թողեցինք եւ հեռացանք Հայաստանից: Ինձ համար դա նույն է, ինչ մայրդ քեզ ունենա, եւ նույն այդ մայրդ քեզ թողնի, պահի մինչեւ 7 տարեկանդ եւ 7 տարեկանում քեզ թողնի: Մայրդ միշտ քո մայրն է մնալու, բայց սիրտդ երբեք առաջվա պես չի ցավա նրա համար, որովհետեւ նա քեզ թողեց: Այդ զգացողությունն ունեմ, որ իմ հայրենիքն ինձ, իմ ընտանիքին թողեց, երբ ես 7 տարեկան էի: Իսկ կարող էր ամեն ինչ այլ կերպ դասավորվել:

Եթե ես մնայի Հայաստանում, գուցե մարզական կարիերա չունենայի, որովհետեւ ես տեսնում եմ, լսում եմ, ունեմ շատ ընկերներ, որ Հայաստանում թողել են մարզական կարիերան՝ հիասթափությունից ելնելով, կամ լքել Հայաստանը՝ դրսում մարզական կարիերա կառուցելու նպատակով: Եվ այդպես էլ կա, աշխարհի ուժեղագույն մարզիկները հայեր են՝ Հայաստանում չապրող:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով