17:41  ,  8 սեպտեմբերի, 2015

Արմեն Նազարյան. Արթուր Ալեքսանյանն անկասկած կդառնա oլիմպիական չեմպիոն

Ես հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով: Գուցե ժամանակից առաջ եմ ընկնում,  բայց Արթուր Ալեքսանյանն անկասկած կդառնա oլիմպիական չեմպիոն: Ես տեսնում եմ նրա հաղթական ճանապարհի գագաթնակետը՝ դա լինելու է Ռիո-2016-ը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Պարոն Նազարյանը, Արթուր Ալեքսանյանը, կարծես, գնում է Ձեր հետքերով՝ Եվրոպայի եռակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, միայն պակասում է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հավատո՞ւմ եք, որ նա կհասնի Ձեր նվաճմանը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն:

Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին մեր այսօրվա ուրախության, մեր ոսկե մեդալի համար: Արթուր Ալեքսանյանի շնորհիվ այսօր ծածանվեց հայկական դրոշը, հնչեց մեր հիմնը: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է եւ դա պատահական չէ: Բոլորս պարծենում ենք Արթուրով: Ցանկանում եմ, որ նույն ոգով շարունակեն մեր մյուս ըմբիշները:

Արթուրի հաղթանակը բոլորիս հաղթանակն է, անչափ ուրախ եմ Արթուրի համար, մեր հավաքականի համար, հավաքականի մարզիչների համար: Սա մեծ աշխատանք է եւ մեծ հաղթանակ: Գուցե, կարծիքս ժամանակից շուտ է հայտնելը, բայց Արթուր Ալեքսանյանն անկասկած կդառնա օլիմպիական չեմպիոն: Այսօր նրա մրցակիցներն ընդամենը երկուսն են, շատ մրցակից չունի: Աստված տա, որ մինչեւ Օլիմպիական խաղերը Արթուրը վնասվածք չունենա, նա կշարունակի իր հաղթական ուղին եւ կդառնա օլիմպիական չեմպիոն:

Անչափ ուրախ եմ Արթուր Ալեքսանյանի համար, բոլորիս համար: Ձայնս կտրված է, շատ եմ բղավել ուրախությունից, զայրույթից, մարզիկների, մրցավարների վրա:

Մեր երեւանյան հանդիպման ընթացքում էլ կարծիք հայտնեցիք, որ օլիմպիական չեմպիոն կդառնա Արթուր Ալեքսանյանը: Ի՞նչն է Ձեզ ստիպում վստահ լինել Արթուրի ուժերին:

Ես մասնագիտորեն եմ դատում, կարծիքս հայտնում: Ես երեք Օլիմպիական խաղերի եմ մասնակցել, երեք օլիմպիական մեդալ ունեմ, իմ փորձից ելնելով, իմ օրինակով կարող եմ ասել, որ Արթուրը շատ տաղանդավոր է, խելացի գոտեմարտեր է վարում իր տարիքին համեմատ: Շատ երիտասարդ է, բայց արդեն այսպիսի հաջող ու բարդ ճանապարհ ունի անցած: Ես տեսնում եմ նրա հաղթական ճանապարհի գագաթնակետը՝ դա լինելու է Ռիո-2016-ը:

66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եւս նվաճեց Ռիո-2016-ի ուղեգիր: Միհրանի  գոտեմարտերը ինչպե՞ս կմեկնաբանեք եւ ի՞նչ սպասելիք ունեք Ռիո-2016-ում Միհրանից:

Մեր մարզիկները բոլորն էլ լավ մասնակցություն ունեցան: Միհրան Հարությունյանը հրաշալի գոտեմարտեր վարեց: Իհարկե, կար մրցավարների կողմնապահություն, բայց կարեւորն այն է, որ Միհրանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: Միհրանը շատ աշխույժ, էներգիայով լի ըմբիշ է: Նա մեծ քանակությամբ էներգիա է ծախսում գոտեմարտերի առաջնամասերում, սկզբնական գոտեմարտերում: Բավական դիտարժան ըմբշամարտ է ցուցադրում, դիտարժան հնարքներ է անում, բայց որքան մոտենում է կիսաեզրափակիչին եւ եզրափակիչին, նրան միշտ ինչ-որ բան պակասում է, ուժերը չեն բավականացնում,  որ նույն տեմպով շարունակի, դիտարժան հնարքներ ցույց տա: Միհրան Հարությունյանն արդեն վերջին գոտեմարտերում չի կարողանում կարգավորել շնչառությունը, ուժերը չեն հերիքում եւ սկսվում է պասիվություն նկատվել:

Միհրանի մեդալ չնվաճելու մեղավորությունը մրցավարների՞նն էր, թե՞ իրականում մեր ըմբիշի ուժերը չբավարարեցին:

Միհրանը մոտ էր հաղթանակին, նա վստահ գնում էր դեպի հաղթանակ: Բայց պետք չէ խնդիրները փնտրել մրցավարների մեջ: Ամեն մարզաձեւում էլ կա այդ մրցավարական կողմնապահությունը: Ավելի ճիշտ կլինի սխալները գտնենք մեր մեջ, ավելացնենք մեր ուժը, մեր ոգին, մեր հնարքները, քան մեղավորությունը դնենք մրցավարների վրա: Միհրանը այսօր նվաճեց Ռիո-2016-ի ուղեգիր եւ համոզված եմ, որ Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանն իր ասելիքը կասի:

Մեր առաջատար ըմբիշ, մենամարտի պահին աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի պարտության պատճառը ո՞րն է։ Հոգեբանական խնդի՞ր էր, թե՞ Ռոման Վլասովը ուժերով գերազանցում է մեր ըմբիշին:

Արսեն Ջուլֆալակյանը շատ ուժեղ ըմբիշ է, գրատեգ գոտեմարտեր է վարում: Այստեղ ավել կամ պակաս ուժեր չկային: Խնդիրն, ըստ իս, հոգեբանական էր: Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Վլասովը երկու հզոր ըմբիշներ են: Նրանք ամեն տարի հանդիպում են գորգում, միմյանց լիարժեք ճանաչում են եւ գոտեմարտերը արդեն բարդ են ստացվում, դժվար են, Արսենի հակառակորդները շատանում են: Արսենը պետք է կենտրոնացնի ուժերը, հասկանա, որ իր հակառակորդները շատացել են եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանա միջազգային մրցաշարերում վարկանիշ ձեռք բերի եւ ուղեգիր նվաճի:

Վստահ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին էլ կհաջողվի նվաճել օլիմպիական ուղեգիր հետագա վարկանիշային մրցաշարերում:

Հույսեր ունեմ, որ աշխարհի առաջնությունում բոլորն էլ լավ կմասնակցեն, քանի որ ամեն քաշային կարգում էլ Հայաստանի հավաքականը շատ լավ ըմբիշներ ունի: Օրինակ՝ Ռոման Ամոյանը եթե հավաքի իր ուժերը եւ խելացի գոտեմարտի, անպայման հաջողությունը կժպտա նրան:

 Զգում եմ, որ շատ մոտ ենք: Հավատում եմ եւ նաեւ շատ ցանկանում եմ, որ Հայաստանը կրկին ունենա օլիմպիական չեմպիոններ:

Իսկ Բուլղարիայի թիմն ի՞նչ արդյունք ցուցադրեց առաջնության առաջին օրը:

Բուլղարիայի հավաքականում այսօր նվաճեցինք մեկ ուղեգիր 98 կգ քաշային կարգում՝ գրավելով 5-րդ տեղը, իսկ 75 կգ քաշային կարգում մրցավարական կողմնապահության պատճառով կորցրեցինք երկրորդ օլիմպիական ուղեգիրը: Դեռեւս 5 մասնակից ունենք՝ 5 քաշային կարգերում: Մարզիկների առջեւ օլիմպիական ուղեգրերի խնդիր եմ դրել, ապա նաեւ մեդալների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով