17:41 8 սեպտեմբերի, 2015Ես հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով: Գուցե ժամանակից առաջ եմ ընկնում, բայց Արթուր Ալեքսանյանն անկասկած կդառնա oլիմպիական չեմպիոն: Ես տեսնում եմ նրա հաղթական ճանապարհի գագաթնակետը՝ դա լինելու է Ռիո-2016-ը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Պարոն Նազարյանը, Արթուր Ալեքսանյանը, կարծես, գնում է Ձեր հետքերով՝ Եվրոպայի եռակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, միայն պակասում է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հավատո՞ւմ եք, որ նա կհասնի Ձեր նվաճմանը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն:
Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին մեր այսօրվա ուրախության, մեր ոսկե մեդալի համար: Արթուր Ալեքսանյանի շնորհիվ այսօր ծածանվեց հայկական դրոշը, հնչեց մեր հիմնը: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է եւ դա պատահական չէ: Բոլորս պարծենում ենք Արթուրով: Ցանկանում եմ, որ նույն ոգով շարունակեն մեր մյուս ըմբիշները:
Արթուրի հաղթանակը բոլորիս հաղթանակն է, անչափ ուրախ եմ Արթուրի համար, մեր հավաքականի համար, հավաքականի մարզիչների համար: Սա մեծ աշխատանք է եւ մեծ հաղթանակ: Գուցե, կարծիքս ժամանակից շուտ է հայտնելը, բայց Արթուր Ալեքսանյանն անկասկած կդառնա օլիմպիական չեմպիոն: Այսօր նրա մրցակիցներն ընդամենը երկուսն են, շատ մրցակից չունի: Աստված տա, որ մինչեւ Օլիմպիական խաղերը Արթուրը վնասվածք չունենա, նա կշարունակի իր հաղթական ուղին եւ կդառնա օլիմպիական չեմպիոն:
Անչափ ուրախ եմ Արթուր Ալեքսանյանի համար, բոլորիս համար: Ձայնս կտրված է, շատ եմ բղավել ուրախությունից, զայրույթից, մարզիկների, մրցավարների վրա:
Մեր երեւանյան հանդիպման ընթացքում էլ կարծիք հայտնեցիք, որ օլիմպիական չեմպիոն կդառնա Արթուր Ալեքսանյանը: Ի՞նչն է Ձեզ ստիպում վստահ լինել Արթուրի ուժերին:
Ես մասնագիտորեն եմ դատում, կարծիքս հայտնում: Ես երեք Օլիմպիական խաղերի եմ մասնակցել, երեք օլիմպիական մեդալ ունեմ, իմ փորձից ելնելով, իմ օրինակով կարող եմ ասել, որ Արթուրը շատ տաղանդավոր է, խելացի գոտեմարտեր է վարում իր տարիքին համեմատ: Շատ երիտասարդ է, բայց արդեն այսպիսի հաջող ու բարդ ճանապարհ ունի անցած: Ես տեսնում եմ նրա հաղթական ճանապարհի գագաթնակետը՝ դա լինելու է Ռիո-2016-ը:
66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եւս նվաճեց Ռիո-2016-ի ուղեգիր: Միհրանի գոտեմարտերը ինչպե՞ս կմեկնաբանեք եւ ի՞նչ սպասելիք ունեք Ռիո-2016-ում Միհրանից:
Մեր մարզիկները բոլորն էլ լավ մասնակցություն ունեցան: Միհրան Հարությունյանը հրաշալի գոտեմարտեր վարեց: Իհարկե, կար մրցավարների կողմնապահություն, բայց կարեւորն այն է, որ Միհրանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: Միհրանը շատ աշխույժ, էներգիայով լի ըմբիշ է: Նա մեծ քանակությամբ էներգիա է ծախսում գոտեմարտերի առաջնամասերում, սկզբնական գոտեմարտերում: Բավական դիտարժան ըմբշամարտ է ցուցադրում, դիտարժան հնարքներ է անում, բայց որքան մոտենում է կիսաեզրափակիչին եւ եզրափակիչին, նրան միշտ ինչ-որ բան պակասում է, ուժերը չեն բավականացնում, որ նույն տեմպով շարունակի, դիտարժան հնարքներ ցույց տա: Միհրան Հարությունյանն արդեն վերջին գոտեմարտերում չի կարողանում կարգավորել շնչառությունը, ուժերը չեն հերիքում եւ սկսվում է պասիվություն նկատվել:
Միհրանի մեդալ չնվաճելու մեղավորությունը մրցավարների՞նն էր, թե՞ իրականում մեր ըմբիշի ուժերը չբավարարեցին:
Միհրանը մոտ էր հաղթանակին, նա վստահ գնում էր դեպի հաղթանակ: Բայց պետք չէ խնդիրները փնտրել մրցավարների մեջ: Ամեն մարզաձեւում էլ կա այդ մրցավարական կողմնապահությունը: Ավելի ճիշտ կլինի սխալները գտնենք մեր մեջ, ավելացնենք մեր ուժը, մեր ոգին, մեր հնարքները, քան մեղավորությունը դնենք մրցավարների վրա: Միհրանը այսօր նվաճեց Ռիո-2016-ի ուղեգիր եւ համոզված եմ, որ Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանն իր ասելիքը կասի:
Մեր առաջատար ըմբիշ, մենամարտի պահին աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի պարտության պատճառը ո՞րն է։ Հոգեբանական խնդի՞ր էր, թե՞ Ռոման Վլասովը ուժերով գերազանցում է մեր ըմբիշին:
Արսեն Ջուլֆալակյանը շատ ուժեղ ըմբիշ է, գրատեգ գոտեմարտեր է վարում: Այստեղ ավել կամ պակաս ուժեր չկային: Խնդիրն, ըստ իս, հոգեբանական էր: Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Վլասովը երկու հզոր ըմբիշներ են: Նրանք ամեն տարի հանդիպում են գորգում, միմյանց լիարժեք ճանաչում են եւ գոտեմարտերը արդեն բարդ են ստացվում, դժվար են, Արսենի հակառակորդները շատանում են: Արսենը պետք է կենտրոնացնի ուժերը, հասկանա, որ իր հակառակորդները շատացել են եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանա միջազգային մրցաշարերում վարկանիշ ձեռք բերի եւ ուղեգիր նվաճի:
Վստահ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին էլ կհաջողվի նվաճել օլիմպիական ուղեգիր հետագա վարկանիշային մրցաշարերում:
Հույսեր ունեմ, որ աշխարհի առաջնությունում բոլորն էլ լավ կմասնակցեն, քանի որ ամեն քաշային կարգում էլ Հայաստանի հավաքականը շատ լավ ըմբիշներ ունի: Օրինակ՝ Ռոման Ամոյանը եթե հավաքի իր ուժերը եւ խելացի գոտեմարտի, անպայման հաջողությունը կժպտա նրան:
Զգում եմ, որ շատ մոտ ենք: Հավատում եմ եւ նաեւ շատ ցանկանում եմ, որ Հայաստանը կրկին ունենա օլիմպիական չեմպիոններ:
Իսկ Բուլղարիայի թիմն ի՞նչ արդյունք ցուցադրեց առաջնության առաջին օրը:
Բուլղարիայի հավաքականում այսօր նվաճեցինք մեկ ուղեգիր 98 կգ քաշային կարգում՝ գրավելով 5-րդ տեղը, իսկ 75 կգ քաշային կարգում մրցավարական կողմնապահության պատճառով կորցրեցինք երկրորդ օլիմպիական ուղեգիրը: Դեռեւս 5 մասնակից ունենք՝ 5 քաշային կարգերում: Մարզիկների առջեւ օլիմպիական ուղեգրերի խնդիր եմ դրել, ապա նաեւ մեդալների:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.