21:18  ,  10 օգոստոսի, 2015

Համահայկական խաղեր. Սպորտային պարերի իսկական տոն (ֆոտոշարք)

Համահայկական 6-րդ խաղերում սպորտային պարերն ընդգրկվել են առաջին անգամ։ Հայաստանի եւ սփյուռքի 120 մասնակիցներ մի քանի օր «Նեպտուն» մարզասրահում պայքարեցին մենապարի  եւ զուգապարի սամբա, ռումբա, չա-չա-չա, ջայֆ եւ պասադոբլ պարատեսակներում:

Առաջին տեղերի համար պայքարում էին Լիբանանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Արցախի 10 քաղաքների ներկայացուցիչներ:

Սպորտային պարերի մրցաշարի ավագագույն մասնակիցը Թեհրանից էր՝ 32-ամյա Րաֆֆի Խաչատրյանը: Նրա խոսքով, Համահայկական խաղերում սպորտային պարերն ընդգրկելու գաղափարը լավն է:

«Ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ շատ ուժեղ պարողների, նաեւ լավ են պարում վիրահայերը: Հայաստանում սպորտային պարերը իսկապես մեծ զարգացում են ապրել: Հայաստանցիները վստահ կարող են դուրս գալ միջազգային մրցումների եւ մրցանակային տեղեր զբաղեցնել, պրոֆեսիոնալ պարողներ են մեծ մասը եւ շատ գեղեցիկ պարում են ու տեխնիկապես էլ շատ պատրաստված են: Հատկապես ինձ շատ դուր եկան փոքրերը, նրանց կարող են դառնալ սպորտային պարերի Հայաստանի ապագան: Ափսոսում եմ, որ Իրանում պարը միայն հոբբի է:

Ամեն տարի գալիս եմ Հայաստան, բայց Խաղերի ժամանակ առաջին անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ մասնակցեցի բացմանը, տեսա, թե ինչ մեծ ուրախություն է համայն հայության համար այս Խաղերը: Այստեղ շատ ընկերներ ձեռք բերեցի, կաշխատեմ այնպես անել, որ կապը պահենք միմյանց հետ»,- նշեց Թեհրանից ժամանած Րաֆֆի Խաչատրյանը:

Վրաստանից ժամանած Թբիլիսիի թիմի ներկայացուցիչ Սերգո Մարգարովը պրոֆեսիոնալ պարող է, միջազգային մրցաշարերի հաղթող: Հայաստանում սպորտային պարերի մրցումների առաջին անգամ է մասնակցում: Ասում է՝ չգիտեր, որ Հայաստանում սպորտային պարերն այսքան սիրված են ու այսքան շատ լավ պարողներ կան:

«Մրցումներ անցնում են շատ լավ, պարահրապարակն էլ շատ հարմար է, միայն թե լուսավորությունը այդքան լավը չէ, սակայն սա պրոֆեսիոնալ մրցում չէ եւ չի խանգարում: Դահլիճը սովորաբար լի է հանդիսատեսով, ինչն ինձ շատ ուրախացրեց, զգացվում է, որ հայ հասարակությունը սիրում է լատինաամերիկյան պարերը, հետեւում է եւ հետաքրքրվում սպորտային պարերով: Մրցավարությունը չեմ կարող ասել, թե շատ արդար է, քանի որ հայաստանցի, մասնավորապես երեւանյան մասնակիցների մեծ մասը մրցավարների սաներն են. որոշակի կողմնակալություն եմ նկատում: Հույս ունեմ, որ հաջորդ Խաղերին ամեն ինչ ավելի արդար կլինի: Ես ինքս պրոֆեսիոնալ պարող եմ, մասնակիցների մեջ շատ են նաեւ սիրողական պարողները: Լավ պարողներ շատ կան, ինձ հատկապես դուր եկան Հայաստանի ներկայացուցիչները. սոլո պարուհիները շատ ուժեղ են»,- ասաց Սերգո Մարգարովը:

Գլխավոր մրցավար Մարիաննա Մամյանն պարբերաբար փորձում էր վերահսկել հանդիսատեսին, մասնակիցներին, փորձում կարգ ու կանոն մտցնել, քանի որ մրցման ժամանակ երբեմն ծնողներին վերահսկել չէր լինում, երբ նրանց երեխաներն էին դուրս գալիս պարահրապարակ: «Նեպտուն» մարզահամալիրի պարի դահլիճում իսկական պարի տոն էր, մասնակիցներն էլ շատ հուզված, ոգեւորված, լարված: Միայն թե մարզիկները, կարծես, դժգոհ էին պարահրապակի փոքր լինելուց, քանի որ պարերի ժամանակ մասնակիցները պարբերաբար բախվում էին միմյանց: 

Ամբողջ եզրափակիչի ընթացքում պարահրապարակում հերթապահում էին շտապօգնության աշխատակիցները, քանի որ առանց դադարի իրար հաջորդող պարերից հետո մասնակիցների ինքնազգացողությունը վատանում էր: Այդպես երկու դեպք գրանցվեց, երբ NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւում էր մրցումային վերջին օրվան: 

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարի մասնակիցների շրջանում մի քանի օրերի ընթացքում հասցրել էր սիրվել պարող, «Կաստանիետ» սպորտային պարերի խմբի անդամ եւ սերիալային դերասան Մովսես Երեմյանը։

«Մրցաշարն անցնում է շատ ուրախ: Տպավորություն է, որ մրցում չէ, այլ պարի իսկական տոն: Մասնակիցներն իրենք էլ բոլորը բարձր տրամադրություն ունեն: Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես ավելի քան 120 պարողներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ եւ միասին գեղեցիկ պարեր են ցուցադրում: Սա մրցաշար է, արդար մրցավարությամբ: Ես ինքս պարող եմ եւ շատ ուրախ եմ, որ սպորտային պարերը եւս ընդգրկվեցին Համահայկական խաղերի մրցումային ծրագրում: Հայաստանում արդեն մեծ քայլերով է սպորտային պարերը առաջ գնում։

Այժմ հնարավորությունները մեծ են, հաճելի է, որ մեր երկիրը ճանաչում են նաեւ սպորտային պարերի միջոցով: Այս ամենն անում է մի մարդ՝ Մարիաննա Մամյանը եւ նրա շնորհիվ մենք այսօր ունենք այսքան լավ երեխաներ, այսքան սիրված մարզաձեւ եւ այսպիսի առաջընթաց: Հայերը սիրում են պարել, եռանդով, սիրով պարում են, հաճախում պարապմունքների եւ նվիրվում այս մարզաձեւին: Հույս ունեմ, հաջորդ խաղերին ավելի մեծ թվով մասնակիցներ կունենանք դրսից, ինչպես նաեւ Հայաստանից, եւ այս խաղերը կնպաստեն մարզաձեւի մասսայականացմանը Երեւանում, մարզերում»,- ասաց Մովսես Երեմյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ