11:47  +04,  8 օգոստոսի, 2015

Համահայկական խաղեր. Գոլֆի նորամուտը (ֆոտոշարք)

Համահայկական 6-րդ խաղերում գոլֆի մրցաշարն անցկացվում է առաջին անգամ: Այս մարզաձեւը Հայաստանում դեռեւս այդքան էլ մեծ տարածում չունի: 1999 թվականին Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի հարեւանությամբ կառուցվեց գոլֆի ակումբ, որն այսօր կոչվում է «Արարատ»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Արարատ» գոլֆի ակումբի տնօրեն Նինա Հովնանյանն ասաց, որ գոլֆի դաշտը սկզբանական շրջանում մարզասեր հասարակությանը չգրավող ամայի տարածք էր հիշեցնում:

«Գոլֆի դաշտը Հայաստանում ունենալու գաղափարը պատկանում է հորս, քանի որ նա գոլֆի սիրահար է: Այս դաշտը ստեղծվել է դեռ Վահագնի թաղամասի կառուցումից առաջ: Սկզբում մեր այցելուները միայն դեսպանատան աշխատակիցներն էին, դեսպաններ: Բայց հիմա արդեն գոլֆը սիրել է հայ հասարակությունը: Մարդիկ կան, որ ուղղակի սիրահարված են այս մարզաձեւին: Ակումբն այս պահին ունի 25 պրոֆեսիոնալ մարզիկ եւ աշակերտներ, ովքեր կլինեն հայկական գոլֆի ապագան: Մենք նպատակ ունենք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ունենալ գոլֆի մասնակից:

Հայաստանում գոլֆը դեռ նոր է զարգանում, մենք ունենք լավ մարզիկներ, մեր ակումբը եվրոպական ֆեդերացիայի մեջ է ընդգրկված, մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի, բայց դեռ աճելու, զարգանալու շատ տեղ ունենք: Այս դաշտը առաջին գոլֆի դաշտն է ամբողջ Կովկասում: Ունենք նաեւ դպրոց փոքրերի համար:

Գոլֆն ամբողջ աշխարհում համարվում է ամենաթանկ մարզաձեւը: Մենք փորձել ենք այնպես անել, որ գոլֆ խաղալը հասանելի լինի բոլորին. մեկ դաշտ անցնելու գինն արժե 3 հազար դրամ: Իսկ օրինակ ԱՄՆ-ում մեկ դաշտի արժեքը  տատանվում է 100 դոլարի սահմաններում: Ակումբի ուժեղագույն խաղացողները, ովքեր ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցումներում, այստեղ մարզվում են անվճար: Նրանք նաեւ դասավանդում են:

Համահայկական խաղերին Գերմանիայից ժամանած մարզական բժիշներն ինձ բացատրել են, որ գոլֆն ամենաառողջարար մարզաձեւն է. գոլֆ խաղալիս մարզիկի բոլոր մկանները միաժամանակ աշխատում են: Գոլֆը տարիք չի ճանաչում: Օրինակ՝ հայրս 85 տարեկան է եւ ամեն շաբաթ, կիրակի գոլֆի դաշտում է:  Ես ինքս էլ սիրում եմ այս մարզաձեւը, բայց ինձ մոտ այն շատ վատ է ստացվում: Մեկ անգամ խաղացի, հարվածի ժամանակ խոտը գնդակի հետ օդ բարձրացրեցի: Հայրս ասաց՝ stop (ծիծաղում է)»,- պատմեց Նինա Հովնանյանը: 

Համահայկական խաղերում առաջին անգամ անցկացվող գոլֆի մրցաշարին մասնակցում են 21 մարզիկներ, որոնցից 4-ը Հայաստանից են:

9 դաշտից բաղկացած ակումբում Խաղերի մասնակիցները բաժանվել եւ խաղում էին խմբերով: Հայաստանցի մասնակիցները մրցում էին Գերմանիայի ներկայացուցչի հետ: Մարզիկները պատմեցին, որ գոլֆ խաղալիս կարեւորը կենտրոնացումն է եւ հավասակշռվածությունը: Մարզիկները մեկ մյուսի հետեւից կատարում էին հարվածները՝ քննադատելով կամ դրական գնահատելով սեփական հարվածը: Հայաստանցի մասնակիցները դժգոհում էին կենտրոնացումից եւ պարբերաբար խնդրում NEWS.am Sport-ի ֆոտոթղթակցին, հարվածի ընթացքում չլուսանկարել, քանի որ ֆոտոխցիկի ձայնը շեղում էր նրանց կենտրոնացումից: Սփյուռքահայ գոլֆիստներին, թերեւս, չէր շեղում ոչինչ, ոչ ծակող արեւը, ոչ զրույցները խաղի ընթացքում եւ ոչ էլ ֆոտոխցիկի ձայնը: 

Համահայկական 6-րդ խաղերի գոլֆի մրցաշարի մրցավար Էլլա Դալալույանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայաստանցի մարզիկները շատ լավ են խաղում եւ ֆավորիտների մեջ:

«Գոլֆը շատ հետաքրքիր մարզաձեւ է. այն մարզիկից պահանջում է ուժ, խելք. հավասարակշռություն, մեծ ուշադրություն, կենտրոնացում եւ ամենակարեւորը՝ ազնվություն: Սա ազնիվ մարդու խաղ է, պետք է ազնվորեն քիչ հարվածներով հասնես նպատակակետին: Վերջին տարիներին գոլֆ մարզաձեւը մեծ տարածում է սկսել ձեռք բերել Հայաստանում: Համահայկական խաղերն էլ ավելի են նպաստում այս մարզաձեւի զարգացմանը մեր երկրում: Համոզված եմ, որ Խաղերից հետո գոլֆն ավելի սիրելի մարզաձեւ կդառնա Հայաստանում, մարդիկ կսկսեն շատ հաճախել գոլֆի դաշտ եւ խաղալ: Այս տարի 4 մարզիկով ենք մասնակցում Խաղերին: Նրանք մեր ակումբի ուժեղագույն խաղացողներն են: Խաղերին մասնակցում են 11 երկրի 17 գոլֆիստներ՝ Արգենտինայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Արցախից: Դեռեւս առաջատարներն են Գերմանիայի, Հայաստանի ներկայացուցիչները: Ի դեպ, մեր մարզիկները շատ լավ են խաղում եւ հույս ունենք, որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մարզիկների տրամադրությունը շատ լավ է, Խաղերն անցնում են համերաշխ մթնոլորտում»,- նշեց Էլլա Դալալույանը:

Գոլֆի մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո. Էմմա Ասատրյան / NEWS.am Sport 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ