11:47 8 օգոստոսի, 2015Համահայկական 6-րդ խաղերում գոլֆի մրցաշարն անցկացվում է առաջին անգամ: Այս մարզաձեւը Հայաստանում դեռեւս այդքան էլ մեծ տարածում չունի: 1999 թվականին Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի հարեւանությամբ կառուցվեց գոլֆի ակումբ, որն այսօր կոչվում է «Արարատ»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Արարատ» գոլֆի ակումբի տնօրեն Նինա Հովնանյանն ասաց, որ գոլֆի դաշտը սկզբանական շրջանում մարզասեր հասարակությանը չգրավող ամայի տարածք էր հիշեցնում:
«Գոլֆի դաշտը Հայաստանում ունենալու գաղափարը պատկանում է հորս, քանի որ նա գոլֆի սիրահար է: Այս դաշտը ստեղծվել է դեռ Վահագնի թաղամասի կառուցումից առաջ: Սկզբում մեր այցելուները միայն դեսպանատան աշխատակիցներն էին, դեսպաններ: Բայց հիմա արդեն գոլֆը սիրել է հայ հասարակությունը: Մարդիկ կան, որ ուղղակի սիրահարված են այս մարզաձեւին: Ակումբն այս պահին ունի 25 պրոֆեսիոնալ մարզիկ եւ աշակերտներ, ովքեր կլինեն հայկական գոլֆի ապագան: Մենք նպատակ ունենք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ունենալ գոլֆի մասնակից:
Հայաստանում գոլֆը դեռ նոր է զարգանում, մենք ունենք լավ մարզիկներ, մեր ակումբը եվրոպական ֆեդերացիայի մեջ է ընդգրկված, մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի, բայց դեռ աճելու, զարգանալու շատ տեղ ունենք: Այս դաշտը առաջին գոլֆի դաշտն է ամբողջ Կովկասում: Ունենք նաեւ դպրոց փոքրերի համար:
Գոլֆն ամբողջ աշխարհում համարվում է ամենաթանկ մարզաձեւը: Մենք փորձել ենք այնպես անել, որ գոլֆ խաղալը հասանելի լինի բոլորին. մեկ դաշտ անցնելու գինն արժե 3 հազար դրամ: Իսկ օրինակ ԱՄՆ-ում մեկ դաշտի արժեքը տատանվում է 100 դոլարի սահմաններում: Ակումբի ուժեղագույն խաղացողները, ովքեր ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցումներում, այստեղ մարզվում են անվճար: Նրանք նաեւ դասավանդում են:
Համահայկական խաղերին Գերմանիայից ժամանած մարզական բժիշներն ինձ բացատրել են, որ գոլֆն ամենաառողջարար մարզաձեւն է. գոլֆ խաղալիս մարզիկի բոլոր մկանները միաժամանակ աշխատում են: Գոլֆը տարիք չի ճանաչում: Օրինակ՝ հայրս 85 տարեկան է եւ ամեն շաբաթ, կիրակի գոլֆի դաշտում է: Ես ինքս էլ սիրում եմ այս մարզաձեւը, բայց ինձ մոտ այն շատ վատ է ստացվում: Մեկ անգամ խաղացի, հարվածի ժամանակ խոտը գնդակի հետ օդ բարձրացրեցի: Հայրս ասաց՝ stop (ծիծաղում է)»,- պատմեց Նինա Հովնանյանը:
Համահայկական խաղերում առաջին անգամ անցկացվող գոլֆի մրցաշարին մասնակցում են 21 մարզիկներ, որոնցից 4-ը Հայաստանից են:
9 դաշտից բաղկացած ակումբում Խաղերի մասնակիցները բաժանվել եւ խաղում էին խմբերով: Հայաստանցի մասնակիցները մրցում էին Գերմանիայի ներկայացուցչի հետ: Մարզիկները պատմեցին, որ գոլֆ խաղալիս կարեւորը կենտրոնացումն է եւ հավասակշռվածությունը: Մարզիկները մեկ մյուսի հետեւից կատարում էին հարվածները՝ քննադատելով կամ դրական գնահատելով սեփական հարվածը: Հայաստանցի մասնակիցները դժգոհում էին կենտրոնացումից եւ պարբերաբար խնդրում NEWS.am Sport-ի ֆոտոթղթակցին, հարվածի ընթացքում չլուսանկարել, քանի որ ֆոտոխցիկի ձայնը շեղում էր նրանց կենտրոնացումից: Սփյուռքահայ գոլֆիստներին, թերեւս, չէր շեղում ոչինչ, ոչ ծակող արեւը, ոչ զրույցները խաղի ընթացքում եւ ոչ էլ ֆոտոխցիկի ձայնը:
Համահայկական 6-րդ խաղերի գոլֆի մրցաշարի մրցավար Էլլա Դալալույանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայաստանցի մարզիկները շատ լավ են խաղում եւ ֆավորիտների մեջ:
«Գոլֆը շատ հետաքրքիր մարզաձեւ է. այն մարզիկից պահանջում է ուժ, խելք. հավասարակշռություն, մեծ ուշադրություն, կենտրոնացում եւ ամենակարեւորը՝ ազնվություն: Սա ազնիվ մարդու խաղ է, պետք է ազնվորեն քիչ հարվածներով հասնես նպատակակետին: Վերջին տարիներին գոլֆ մարզաձեւը մեծ տարածում է սկսել ձեռք բերել Հայաստանում: Համահայկական խաղերն էլ ավելի են նպաստում այս մարզաձեւի զարգացմանը մեր երկրում: Համոզված եմ, որ Խաղերից հետո գոլֆն ավելի սիրելի մարզաձեւ կդառնա Հայաստանում, մարդիկ կսկսեն շատ հաճախել գոլֆի դաշտ եւ խաղալ: Այս տարի 4 մարզիկով ենք մասնակցում Խաղերին: Նրանք մեր ակումբի ուժեղագույն խաղացողներն են: Խաղերին մասնակցում են 11 երկրի 17 գոլֆիստներ՝ Արգենտինայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Արցախից: Դեռեւս առաջատարներն են Գերմանիայի, Հայաստանի ներկայացուցիչները: Ի դեպ, մեր մարզիկները շատ լավ են խաղում եւ հույս ունենք, որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մարզիկների տրամադրությունը շատ լավ է, Խաղերն անցնում են համերաշխ մթնոլորտում»,- նշեց Էլլա Դալալույանը:
Գոլֆի մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո. Էմմա Ասատրյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.