12:23  ,  26 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հայաստանի վերջին մասնակիցը պարտություն կրեց

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկավ ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը, որը 73 կգ քաշայինների պայքարը սկսեց 1/16 եզրափակիչում, սակայն պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում: Հայ մարզիկի մրցակիցը իսրայելցի Սագի Մուկին էր, որ 29 վայրկյանում հաղթանակ տարավ իպոնով:

Հիշեցնենք, որ ձյուդոյի մրցաշարում Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից։ Հայաստանի ներկայացուցիչը 60 կգ քաշային կարգում գոտեմարտեց շվեյցարացի Լյուդովիկ Շամարտինի հետ եւ պարտվեց վազարիով։ Հայ մարզիկը ստացել է օլիմպիական վարկանիշային 64 միավոր։ Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր սլովակ Միտյազ Տրբովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց իսպանացի Ֆրանսիսկո Գարիգոսին:

Հունիսի 25-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը, ով 52 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանուհի Կելի Էդվարդսին: Քանի որ բրիտանուհին պարտվեց հաջորդ փուլում, Ստանկեւիչը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Եվրոպական խաղերում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց մեկ արծաթե մեդալով, որը հունիսի 14-ին նվաճել էր Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում