13:07  ,  24 հունիսի, 2015

Գլխուղեղի ցնցում ստացած արցախցի Սոսե Բալասանյանին պատշաճ բուժօգնություն են ցույց տվել Բաքվում

Սոսե Բալասանյանը գլխուղեղի ցնցում էր ստացել, նրան տեղափոխեցինք Բաքվի հիվանդանոց, բուժզննում անցկացրին: Լուրջ կոտրվածք չունի, արդեն վերականգնվում է: Բաքվի հիվանդանոցում մեզ շատ լավ վերաբերվեցին, նույնիսկ պնդում էին, որ երեք օր պառկի Սոսեն, ուղղակի մենք չէինք կարող, քանի որ հաջորդ օրը վերադառնում էինք Երեւան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը՝ մեկնաբանելով արցախցի սամբիստուհի Սոսե Բալասանյանի հետ տեղի ունեցածը Եվրոպական խաղերի ընթացքում:

«Սոսե Բալասանյանը գոտեմարտի ժամանակ ուժգին հարված ստացավ գլխի եւ պարանոցի հատվածքում, գցում հնարքի ժամանակ ընկավ գլխի եւ պարանոցի վրա եւ ցնցում ստացավ: Սրտխառնոց, գլխապտույտ ունեցավ այդ ուժգին հարվածից, քանի որ ցնցում էր ստացել: Մենք անմիջապես բժիշկ կանչեցինք, բժիշկների ջոկատ եկավ, զննեցին Սոսեին եւ ասացին, պետք է անպայման հոսպիտալացվի: Պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի, մեր մարզիչի, պատվիրակության բժշկի, թիկնապահների խմբի եւ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվեցինք հիվանդանոց՝ Ադրբեջանի ամենահայտնի հիվանդանոցներից մեկը: Ամեն ինչ արեցին հիվանդանոցում, նկարեցին մեր մարզուհու գլուխը, պարանոցը: Իրականում Սոսեն շատ ուժեղ ցնցում էր ստացել, սրտխառնոց, մկաններն էր ձգվել:

Հիվանդանոցում ամեն ինչ շատ նորմալ էր, մեր հանդեպ վերաբերմունքը շատ լավ, պարտաճանաչ բժիշկներն իրենց գործն արել են, նույնիսկ ասացին, որ երեք օր մարզուհին պետք է հոսպիտալացվի, մնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Բայց դե մենք չէինք կարող երեք օր մնալ, քանի որ հաջորդ օրն արդեն պետք է վերադառնայինք Հայաստան:

Սոսեին տվեցին անհրաժեշտ ցուցումները, նշանակումներ արեցին եւ թիկնապահների ուղեկցությամբ վերադարձանք օլիմպիական ավան: Սոսեն արդեն լավ է իրեն զգում, աստիճանաբար վերականգնվում է: Արդեն Երեւանում ենք, նա նույնպես, բայց շուտով կմեկնի Ղարաբաղ:

Դժգոհ չենք, մեզ շատ լավ նայեցին, մեր մարզուհու հանդեպ շատ ուշադիր էին, այդ հիվանդանոցի բժիշկները բարձր կարգի, միջազգային բուժհաստատությունների բժիշկներ էին եւ նրանք հաստատեցին, որ որեւէ լուրջ կոտրվածք մեր մարզուհին չունի: Ցնցումից է եղել սրտխառնոցը»,- նշեց Ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Բաքվում, Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի կանանց մրցաշարում 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ եւ պարտվել 0:2 հաշվով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով