19:37  ,  9 մայիսի, 2015

Հայ-ադրբեջանական բախմանը մասնակցել են Վրաստանը ներկայացնող հայ մարզիկներ

Թբիլիսիում ավարտված շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ բախումը տեղի է ունեցել ադրբեջանցի մարզիկների եւ Վրաստանը ներկայացնող հայ մարզիկների միջեւ: Հայաստանը ներկայացնող մարզիկները որեւէ առնչություն չունեն այդ միջադեպի հետ: Իսկ պատճառը եղել է զուտ սպորտային, մենամարտի ժամանակ որոշակի անհամաձայնության պատճառով: Տուժածներ չկան, իսկ Հայաստանը ներկայացնող կարատեիստները այս միջադեպի հետ կապ չունեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, շոտոկան ոճի կարատեի մարզիչ Դավիթ Սարդարյանը, ով ներկա է եղել Թբիլիսիում անցկացված մրցմանը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում։

Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել էին, որ միջադեպը հրահրել են ադրբեջանցի մարզիկները, որոնք ծաղրական արտահայտություններ են թույլ տվել, հայ մարզիկներն էլ պատասխանել են եւ տեղի է ունեցել բախում։

Սակայն Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, շոտոկան ոճի կարատեի մարզիչ Դավիթ Սարդարյանը, ով ներկա է եղել Վրաստանում տեղի ունեցած մրցաշարին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե Թբիլիսիում մեծ բախոում է եղել հայ եւ ադրբեջանցի մարզիկների միջեւ եւ որ պատճառը եղել է ադրբեջանցի մարզիկների ծաղրական արտահայտությունները հայ մարզիկների հասցեին:

«Կոնֆլիկտը եղել է զուտ սպորտային բնույթի: Բախումը եղել է, ոչ թե Հայաստանից մեկնած հայ մարզիկների եւ ադրբեջանցիների միջեւ, այլ Վրաստանում եղած հայերի՝ վրացահայերի ու ադրբեջանցիների միջեւ: Նրանք ներկայացնում էին Վրաստանը, բայց հայեր էին: Շատ արագ հարթվել է միջադեպը մրցումների կազմակերպիչների կողմից, հարթվել է Ադրբեջանի մրցավարների, մարզչական կազմի կողմից եւ նաեւ այնտեղ ներկա եղած հայ մարզիչների կողմից: Մեր մարզիկները, Հայաստանից գնացած կարատեիսնտերը, ովքեր ներկայացնում էին Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, որեւէ առնչություն չունեն այս միջադեպին, չեն մասնակցել այդ բախմանը եւ մերոնց հետ կապված որեւէ խնդիր Վրաստանում չի եղել: Մենք այդ կռվի ժամանակ նույնիսկ այնտեղ չենք եղել, քանի որ մրցման այդ օրը մասնակից երեխա չունեինք: Չենք եղել այդ կռվին, չենք մասնակցել: Այն մասին, որ բախում է եղել ազգությամբ հայ մարզիկների եւ ադրբեջանցիների միջեւ, իմացել ենք կռվից հետո»,- ասաց Դավիթ Սարդարյանը:

Շոտոկան ոճի մարզիչը նաեւ նշեց, որ հայ մարզիկների հանդեպ ծաղրական վերաբերմունք, արտահայտություններ ադրբեջանցիների կողմից չի եղել, իսկ միջադեպում տուժածներ չկան:

«Սա շոտոկան ոճի կարատեի աշխարհի առաջնությունն էր, որը կայացավ մայիսի 1-4-ը: Առաջնությանը բաց էր եւ տարբեր երկրներից մասնակիցներ կային: Հայ մարզիկները շատ լավ մասնակցություն ունեցան՝ 3 ոսկե, 3 արծաթե եւ մի քանի բրոզնե մեդալներով ենք վերադարձել հայրենիք՝ մի քանի հաղթանակներ տանելով ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Մրցավայրում հայ մարզիկների հանդեպ որեւէ ծաղրական վերաբերմունք, արտահատություններ չեն հնչել ադրբեջանցի մարզիկների կողմից: Կռվի պատճառը եղել է սպորտային անհամաձայնությունը վրացահայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Իսկ միջադեպին մասնակից վրացահայերը հանդես էին գալիս Վրաստանի դրոշի ներքո: Մենք նրանց տեսել ենք Վրաստանի հավաքականի մարզահագուստով: Միջադեպում տուժածներ, վիրավորներ չկան: Կրկնում եմ՝ անմիջապես միջադեպը հարթվել է»,- նկատեց շոտոկան կարատեի թիմի մարզիչը:

Հարցին, թե ում կողմից է եղել սադրանքը, Դավիթ Սարդարյանի խոսքով, տարաձայնությունը ծագել է մենամարտի ժամանակ սպորտային բնույթի թեթեւ անհարթությունից.

«Մենք չենք կարող այս հարցը քաղաքականացնել, ասել, հայտարարել, թե ադրբեջանցիների կողմից հրահրվեց, որպեսզի թեկուզ Վրաստանը ներկայացնող հայ մարզիկների հետ ադրբեջանցիները բախում ունենան։ Չկա նման բան: Սպորտը մնում է սպորտ, քաղաքականությունը՝ քաղաքականություն:

Տարածվել է սխալ տեղեկություն, թե հայ մարզիկներին ծաղրել են, խոշոր բախում է եղել: Տեղեկացա նաեւ, որ Հայաստանի սպորտի նախարարը հանձնարարել է զբաղվել այս հարցով, կապվել մեզ հետ, եթե հարկ լինի, նույնիսկ շատ կոշտ պատժել ադրբեջանցի մարզիկներին: Բայց ես հայտարարում եմ, որ սխալ ինֆորմացիա է տարածվել, անտեղի աղմուկ է բարձրացել, մեր մարզիկները առնչություն չունեն այս միջադեպի հետ, մենք վաղուց արդեն վերադարձել ենք շատ ուրախ, բարձր տրամադրությամբ եւ մեդալներով: Իսկ սա ընդամենը հերթական սպորտային տարաձայնությունն է: Ես չեմ կարծում որ այդ միջադեպի հետ կապված Հայաստանի ազգային ֆեդերացիան անելիք ունի, որովհետեւ մենք դրա հետ կապ չունենք»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը տարածել են սիրողական տեսանյութ, որտեղ հստակ չէ, թե բախմանը ովքեր են մասնակցում։ Դավիթ Սարդարյանի խոսքով, իրականում միջադեպը տեղի է ունեցել մի քանի մարզիկների միջեւ, իսկ տեսանյությում ցուցադրվող հոծ բազմությունը կողքից դիտող եւ հաշտության նպատակով միջամտողներ են:

«Տեսահոլովակում տպավորություն է ստեղծվում, թե բախումը խոշոր է եղել, բայց իրականությունն այն է, որ միջադեպը տեղի է ունեցել 3-4 մարզիկների միջեւ: Իսկ տեսահոլովակի մեջ հոծ բազմությունն ուղղակի անիմաստ մասնակից դարձավ, ոմանք էլ հաշտության նպատակով միջամտողներ են ու արհեստականորեն ստեղծել են տպավորություն, որ մեծ բախում է եղել»,- ասաց Դավիթ Սարդարյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով