Մարտի 3-ին վերսկսվում է Ուկրաինայի առաջնությունը: Կկայանան 21-րդ տուրի հանդիպումները: Մարտի 4-ին Դոնեցկի «Շախտյորը» կընդունի «Դնեպրին»:
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի եւ դոնեցկյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ազգային հավաքականի կազմում 90 րոպե խաղալուց հետո այժմ արդեն լիովին պատրաստ է հենց մեկնարկից դուրս գալ խաղադաշտ: Մխիթարյանը մարտի 1-ին է ժամանել Դոնեցկ: Նա բաց է թողել թիմի մեկ մարզում:
«Արդեն ամբողջովին կենտրոնացած եմ մարզումների վրա: Կարծում եմ` մինչեւ հանդիպումը 100 տոկոս պատրաստ կլինեմ: «Դնեպրը» լավ թիմ է: Նրանք թիմային ուժեղ խաղ են ցուցադրում եւ ձգտում են արդյունքի հասնել: Բայց մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ առանց այդ էլ մեկ միավոր հետ ենք Կիեւի «Դինամոյից»,- «Շախտյորի» մամուլի քարտուղարությանն ասել է Մխիթարյանը:
Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը 52 միավորով գլխավորում են Կիեւի դինամոյականները: «Շախտյորը» զիջում է մեկ միավոր: 47 միավոր ունի «Մետալիստը»: «Դնեպրը» 33 միավորով չորրորդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում