Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» 5:1 հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային»: Երկու գոլի հեղինակ դարձավ 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա նաեւ 11 մետրանոց վաստակեց:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջնության արդյունքում, եթե «Շախտյորն» ու «Դինամոն» ունենան նույնքան միավոր, կանցկացվի լրացուցիչ «Ոսկե խաղ»:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հենրիխ, մրցաշարը մոտենում է ավարտին, բոլորն ուժասպառ են եղել, բայց դու վերջին խաղում երկու գոլի հեղինակ դարձար, ինչպես նաեւ երրորդ գոլի համահեղինակն էիր: Որտեղի՞ց քեզ այդքան ուժ:
Երբ թիմը լուրջ նպատակներ է դնում իր առջեւ, մենք պարզապես իրավունք չունենք թուլանալու: Մենք պետք է խաղանք մեր ուժերի 100%-ով:
Այս տարի հնարավոր է Ուկրաինայի առաջնությունում «Ոսկե խաղի» ականատեսը լինենք: Արդեն մտովի տրամադրվու՞մ եք այդ խաղին:
Մինչեւ «Ոսկե խաղը» մենք դեռ երեք խաղ ունենք եւ պետք է ամեն բան անենք, որպեսզի չպարտվենք: Սայթաքելու իրավունք չունենք: Ամեն խաղին մենք նախապատրաստվում ենք միայն հաղթանակ տանելու համար:
«Շախտյորն» ի տարբերություն «Դինամոյի» շարունակում է մրցապայքարը նաեւ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում եւ, կարելի է ասել, ավելի շատ ուժ եւ ջանք է թափում: Անդրադառնու՞մ է դա ձեր խաղի վրա:
Իհարկե, դժվար է, երբ մեկ շաբաթում երկու կարեւոր խաղ ես անցկացնում, բայց մենք միակ թիմը չենք, ով խաղում է չեմպիոնության եւ գավաթի համար միաժամանակ: Մենք կանենք ամեն բան, եւ հուսամ այս տարի կարժանանք երկու տիտղոսներին:
Մեկ ամիս առաջ վնասվածք էիր ստացել: Արդեն ամողջությամբ ապաքիվե՞լ ես:
Այո, ամեն ինչ կարգին է: Աշխատում եմ շատ զգույշ լինել, որպեսզի նոր վնասվածքներ չստանամ:
Կարո՞ղ ես ասել, որ դու լավ մարզավիճակում ես կամ գո՞հ ես քո մարզավիճակից:
Կարծում եմ` կողքից ավելի լավ է երեւում: Կարող եմ ասել, որ մոտ եմ իմ օպտիմալ մարզավիճակին: Կփորձեմ պահպանել եւ ավելի լավացնել այս մարզավիճակս առաջիկա խաղերում լավ հանդես գալու համար:
Մարզիչը գո՞հ է քո խաղից:
Չգիտեմ, չեմ խոսել նրա հետ:
Չմեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի կանխատեսումը կարո՞ղ ես անել:
Կիասեզրափակիչ են դուրս եկել չորս ուժեղագույն թիմերը: Բոլորն էլ արժանի են, որ հաղթեն: Կանխատեսումներ չեմ կարող անել:
Լավ, իսկ ո՞ր զույգը կտեսնենք եզրափակիչում:
Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Կհաղթի այն թիմը, ով ավելի լավ է պատրաստված, եւ իհարկե, ով ավելի ուժեղ է:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում