17:58  ,  14 մարտի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Դեմ չէի լինի խփել նաեւ «Շախտյորի» 1800-րդ գոլը եւ նույնիսկ 1900-րդը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կհյուրընկալի 10-րդ տեղում գտնվող Օդեսայի «Չերնոմորեցին»։ Մարտի 14-ին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Շախտյորի» խաղացողներն այլեւս սխալվելու իրավունք չունեն, քանի որ մրցաշրջանի ավարտին ընդամենը ութ տուր է մնացել։

«Շախտյորը չունի հեշտ մրցակիցներ, քանի որ բոլորը տրամադրվում են ոչ թե հարյուր, այլ երկու եւ, նույնիսկ, երեք հարյուր տոկոսով: Մրցաշրջանի ավարտին ընդամենը ութ տուր է մնացել, եւ մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում։ Ես մի քանի անգամ գրավել եմ «Չերնոմորեցի» դարպասը։ Սակայն կարեւոր չէ, թե որ խաղում ես գնդակ խփում, կարեւորը թիմի հաղթանակն է։

Վերջին երկու խաղերում «Չերնոմորեցը» վեց միավոր է վաստակել, կարելի է ասել, որ այնտեղ լավ կոլեկտիվ է հավաքված: Նրանք մինչեւ վերջ կպայքարեն միավորների համար։

Կարծում եմ՝ «Չերնոմորեցի» հետ խաղում կկարողանանք ճիշտ օգտագործել գոլային պահերը։ Հուսով եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ, իսկ մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար»,- նշել է Մխիթարյանը։

Հայ կիսապաշտպանն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի գավաթի խաղարկությանը։

«Գավաթի խաղարկութունում թույլ մրցակիցներ չեն լինում: Յուրաքանչյուր սխալ կարող է որոշիչ լինել: Բոլորը տրամադրվում են միայն հաղթանակի: Գավաթի խաղարկությունում ընդամենը մեկ հանդիպում է. հաղթողը կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի: Չեմ կարող ասել, թե ում հետ կցանկանայինք խաղալ։ Դա կորոշի վիճակահանությունը»։

Մխիթարյանն անդրադաձել է նաեւ «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացվող հարցումներին։

«Շատ հաճելի է երկրպագուների կողմից ճանաչվել ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Դա շատ ոգեւորիչ է: Եթե դու պրոֆեսիոնալ ես, այլեւս թուլանալու իրավունք չունես: Բացի այդ, շատ ուրախ եմ, որ «Շախտյորի» 1700-րդ գոլի հեղինակը դարձա։ Շատ հաճելի է, որ անունս գրանցվում է «Շախտյորի» պատմության էջերում: Դեմ չէի լինի խփել նաեւ 1800-րդ գոլը եւ նույնիսկ 1900-րդը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում