Բախտիյար Աբասովից վերցրել են Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի 90 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը, նրան սպառնում է 2-3 տարվա որակազրկում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը:
«Ինձ ասացին, որ Աբասովի անունն արդեն ջնջել են մրցաշարի մեդալակիրների ցանկից: Ցավալի է եւ պետք է խոստովանեմ, որ չհասկացա Աբասովին: Սկզբում նա ասաց, որ հիմնի ժամանակ վատ է զգացել իրեն, սիրտն է ցավել, այդ պատճառով է կիսանստել, հետո հայտարարեց, որ դա արել է ղարաբաղյան պատերազմի պատճառով»,- Մամեդովի խոսքը մեջբերում է azerisport-ը:
Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի եւ համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը դատապարտել էր Աբասովի վարքը եւ նշել, որ միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի ադրբեջանցի մարզիկի որակազրկման հարցը:
Հիշեցնենք, որ արցախցի սամբիստ Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի հիմնի ժամանակ Աբասովը կքանստել էր, հետո էլ հայտարարել էր, որ դիտավորյալ է արել դա հայաշատ Մոսկվայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում