23:42  ,  19 նոյեմբերի, 2015

Վանաձորի քաղաքապետը բնակարան է խոստացել աշխարհի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանին

Մարոկկոյում կայացած սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած 24-ամյա Տիգրան Կիրակոսյանը մարզիչ Աղասի Գալստյանի հետ վերադարձել է հարազատ քաղաք:

Բացարձակ առավելությամբ հաղթելով Լիտվայի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի ներկայացուցիչներին, եզրափակիչ փուլում Տիգրանը պարտվել է ղազախ մարզիկի:

«Նախորդ տարիներին աշխարհի առաջնություններում երկու անգամ բրոնզե մեդալի էր արժանացել: Այս անգամ մեդալի գույնը փոխեց՝ արծաթ բերեց: Դա արդեն նվաճում է, ե՛ւ գոհ եմ, ե՛ւ դժգոհ: Կարող էր չեմպիոն դառնալ, մանավանդ որ եզրափակիչի մրցակից ղազախ մարզիկին մինչ այժմ անցկացված տարբեր մրցաշարերի ժամանակ արդեն երկու անգամ հաղթել էր: Մեծ նպատակներ ունի, եթե մեր մարզիկին տեր լինեն, խնդիրների լուծման հարցում աջակցեն, նա դեռ մեծ հաջողություններ կունենա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աղասի Գալստյանը:

Տիգրանի առաջնային ու կարեւորագույն խնդիրներից մարզիչն առանձնացնում է բնակարանայինը. երիտասարդը ծնողների, եղբոր ընտանիքի ու հորեղբոր բազմանդամ ընտանիքի հետ բնակվում է  նույն տանը:

«Մայիսին, երբ Տիգրանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ, քաղաքապետն ընդունեց ու տեղեկանալով նրա բնակարանային խնդիների մասին, ասաց՝ խոստանում եմ, մոտ ժամանակներս բնակարանով ապահովել»,- հիշում է մարզիչը:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստումը դեռ չի կատարել:

Նախորդ երեք տարիներին Տիգրանը Վանաձորի մարզիկների լավագույն տասնյակում զբաղեցնում է առաջին տեղը: Քաղապետարանը քաղաքի թիվ մեկ մարզիկին ամսական 30 հազար դրամ է տալիս:

Հաջողակ մարզիկով արդեն դրսից հետաքրքրվողներ կան:

«Առաջարկներ ունի դուրս գալու, բայց  չի ուզում գնա երկրից: Հայրենասեր տղա է, սիրում է իր երկիրը, ուզում է այստեղ մնալ»,- նշում է մարզիչը:

Տիգրանը մտադիր է հաջորդ տարի էլ մասնակցել սամբոյի աշխարհի առաջնությանը: Մարզիչը վստահ է՝ անպայման հաղթելու է ու Լոռին ունենալու է սամբոյի աշխարհի երրորդ չեմպիոնը:  

Գայանե Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում