00:00  ,  23 մարտի, 2015

Արթուր Աբրահամը ներկա էր բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտերին

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 22-ին ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որում վիճարկվեց մեդալների 10 հավաքածու:

49 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Արտյոմ Ալեքսանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան դինամոյական Հարություն Կարապետյանը եւ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Հարություն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգում գրագետ մարտավարության շնորհիվ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նարեկ Աբգարյանը, ով եզրափակչում հաղթեց Բարեղամ Հարությունյանն: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Սարգսյանն ու Գարեգին Ավետիսյանը:

56 կգ քաշային կարգի եզրափակչում հետաքրքիր մենամարտ ծավալվեց Արամ Ավագյանի եւ Հենրիկ Մոքոյանի միջեւ: Գեղեցիկ մենամարտում ոչ պակաս գեղեցիկ հաղթանակ տարավ Ավագյանը: Էրիկ Պետրոսյանն ու Սուրեն Առաքելյանն արժանացան բրոնզե մեդալների:

60 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Կարեն Տոնականյանը, Արսեն Պողոսյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արթուր Վարդանյանն ու Տարոն Կարապետյանը:

Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց 64 կգ քաշային կարգի եզրափակիչում  Հովհաննես Բաչկով – Արա Պուլուզյան դիմակայությունում հաղթեց Բաչկովը: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաեւ Գոռ Երիցյանն ու Գեւորգ Ղազեյանը:

69 կգ քաշային կարգի եզրափակիչում վանաձորցի Արման Դարչինյանը հաղթեց Լեո Պապյանին, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Ռաֆայել Բարսեղյանին եւ Մելքոն Մելքոնյանին:

75 կգ քաշային կարգում հավասարը չուներ դինամոյական Արթուր Սարգսյանը, երկրորդը գյումրեցի Գագիկ Բոյանն էր, իսկ Սերգեյ Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

81 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում առավելության հասավ Հարություն Ավետիսյանի նկատմամբ: Երրորդ տեղը բաժանեցին Արտյոմ Գալստյանն ու Տոնական Խաչատրյանը:

91 կգ քաշային կարգի եզրափակիչում Հենրիկ Սարգսյանը դժվարին պայքարում հաղթեց Սերյոժա Հակոբյանին: Երրորդ մրցանակին արժանացան Արտակ Ալավերդյանն ու Արթուր Համբարձումյանը:

Գերծանր քաշային կարգում հավասարը չուներ Աղասի Մեհրաբյանը, ով եզրափակիչում նոկաուտի ենթարկեց Ազատ Դավթյանին: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը: Առաջնության արդունքների հիման վրա կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը առաջիկա կարեւորագույն մրցումներում կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Եզրափակիչ մենամարտերին ներկա էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Ֆոտո՝ Արթուր Աբրահամի մամուլի ծառայություն

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում