01:38  ,  25 փետրվարի, 2015

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի հետ պարտվեց Թուրինում

Դորտմունդի «Բորուսիան» ու Թուրինի «Յուվենտուսը» դարձյալ հանդիպեցին 18 տարվա դադարից հետո: Դա տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որում Գերմանիայի փոխչեմպիոնը 1:2 հաշվով պարտվեց Թուրինում:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին շրջանում հայտնվում էր փոխարինողների թվում: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց գրանցվեց  գոլ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ում գոլին «Բորուսիան» 5 րոպե անց պատասխանեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի դիպուկ հարվածով: Այդ գոլում Ռոյսին օգնեց դաշտի տերերի պաշտպան Ջորջո Կյելինիի սայթաքումը: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով, թեեւ «Յուվենտուսին» հաջողվեց խփել նաեւ երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը բավական ակտիվ էր եւ փորձում էր իր վրա վերցնել խաղը, սակայն «Բորուսիան» այնքան էլ վտանգավոր չէր գործում: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին եւ թուրինցիները մեկ գոլի առավելությամբ կմեկնեն պատասխան խաղին: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» ու «Յուվենտուսը» նախորդ անգամ հանդիպել էին 1997-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին Դորտմունդում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:1   

Կարլոս Տեւես, 13, Ալվարո Մորատա, 43 – Մարկո Ռոյս, 18

«Յուվենտուս»․ Ջանլուիջի Բուֆոն, Ստեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Պատրիս Էվրա, Անդրեա Պիրլո (Ռոբերտո Պերեյրա, 37), Կլաուդիո Մարկիզիո, Պոլ Պոգբա, Արտուրո Վիդալ (Սիմոնե Պադոին, 86), Ալվարո Մորատա, Կարլոս Տեւես (Կինգսլի Կոման, 89)։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաշ Պիշչեկ (Մատիաս Գինտեր, 32), Սոկրատիս Պապաստատոպուլոս (Օլիվեր Կիրխ, 46), Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Իլկայ Գյունդոգան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Չիրո Իմոբիլե (Յակուբ Բլաշչիկովսկի, 76): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում