17:58  ,  4 հունիսի, 2012

Իտալիայի հավաքականի խաղացողը ինքնասպան է եղել

Հանդբոլի Իտալիայի հավաքականի խաղացող, 24-ամյա Ալեսիո Բիզորին ինքնասպան է եղել: Հունիսի 3-ին Բոլոնիայի կայարանի մոտ մարզիկը նետվել է գնացքի տակ, հաղորդում է Corriere dello Sport-ը: Հյուրանոցում Բիզորին գրություն է թողել` ներողություն խնդրելով հարազատներից:

Հանդբոլիստն ուղեւորվում էր երկրի հարավ, որտեղ պետք է մասնակցեր հունիսի 8-10-ը կայանալիք եվրոպական առաջնության որակավորման մրցաշարին: Ընդհանուր առմամբ, Բիզորին հավաքականի կազմում անցկացրել է 54 հանդիպում: Նա համարվում էր խոստումնալից  խաղացող: Բիզորիի նախկին մարզիչ Ջուզեպե Տեդեսկոյի խոսքով, նման քայլի պատճառները պարզ չեն:

«Նա ոչ մի բանից չէր վախենում: Ես նրան տեսել եմ երկու շաբաթ առաջ, եւ Ալեսիոն ինչպես միշտ եռանդով էր լցված»,- ասել է Տեդեսկոն:

Մեկ շաբաթ առաջ ինքնասպանություն էր գործել իտալացի վոլեյբոլիստուհի Ջուլիա Ալբինին: Նա նետվել էր Ստամբուլի կամրջից: Ոստիկանությունը պարզել էր, որ ինքնասպանության պատճառներն անձնական են: Ջուլիան Ստաբուլ էր եկել վաղեմի սիրեցյալ Լորենցո Միչելիի մոտ, որը մարզում է տեղի «Էջազաչիբաշ» թիմը: Ամուսնացած տղամարդը աղջկան հայտնել էր հարաբերությունների խզման մասին` չենթադրելով ողբերգական հետեւանքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English