16:53  ,  10 դեկտեմբերի, 2014

Մելիք Ղուկասյան. Ինձ էլ են մեղադրել մեդալներ չլինելու համար, ես այդ ամենից չեմ հիասթափվել

Երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկներն իմ աչքի առջեւ են, ես գիտեմ՝ ով ինչի է ընդունակ, ինչ հնարավորություններ ունի, ոչ ոք հավաքականից առանձին չի մարզվում։ Ես երբեք դրսից չեմ բռնի մարզիկին ու տանեմ մրցման։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալով վերադարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչեւ  21 եւ 23 տարեկանների առաջնությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք երիտասարդ ծանրորդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում։

Կիպրոսում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքներից շատ գոհ եմ: Մասնակցել ենք ամբողջ թիմով՝ 8 ծանրորդով: Սա ընդհանուր որոշում էր, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցեինք ամբողջ թիմով, որպեսզի հասկանայինք, տեսնեինք, թե ինչ արդյունքներ կունենանք, ինչ տեղ կգրավենք թիմային հաշվարկում: Տղաները շատ լավ մասնակցեցին: Բայց ամբողջ թիմով լավ հանդես եկանք: Կազմը նորմալ էր, ոչ շատ ուժեղ էինք, որ թույլ: Բերեցինք 7 մեդալ:

Եվրոպայի առաջնությունում ծանրորդներից ո՞վ Ձեզ անակնկալ մատուցեց, որ քաշային կարգից էր սպասելիքներն ավելի մեծ, ծանրորդներից ո՞վ Ձեզ հիասթափեցրեց: Մասնակիցներից յուրաքանչյուրն էլ հնարավորություն ուներ մրցանակային տեղեր գրավել: Օրինակ՝ Րաֆֆի Գալստյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մկրտիչ Մկրտչյանը: Եթե այս ծանրորդները բարձրացնեին նույն քաշերը, ինչ մարզումների ընթացքում, վստահ մրցանակային տեղեր կգրավեին: Սակայն փորձի պակասը եւ շատ այլ նրբություններ տղաներին խանգարեցին: 8 ծանրորդներից 3-ը առաջին անգամ էին դուրս գալիս միջազգային մրցահարթակ: Սա իր հետքը թողեց, այդ պատճառով նշածս ծանրորդները մրցանակային տեղեր չզբաղեցրին: Ինձ ամենաշատն ուրախացնում է այն, որ 0 չստացանք: Աշխարհի առաջնությունից հետո մի փոքր վատ էի զգում․0 ստանալը հաճելի չէ: Եվրոպայի առաջնությունում բոլոր 8 ծանրորդներն էլ նորմալ մեկնարկեցին, բոլոր վարժությունները կատարեցին, առանց վնասվածքների եւ զրոների վերադարձանք: Թիմային հաշվարկում գրավեցինք երկրորդ տեղը:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում մեծահասակների հետ մասնակցեցին նաեւ պատանեկան օլիմպիական չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը եւ Հակոբ Մկրտչյանը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց ելույթները աշխարհի առաջնությունում:

Չեմ կարող գնահատական տալ նրանց ելույթներին մեծահասակների աշխարհի առաջնությում: Սիմոնն ու Հակոբը դեռ աշխատելու շատ տեղ ունեն: Նախ՝ նրանք պատանիների հավաքականից էին, երիտասարդների կազմում էլ չէին դեռեւս ու անմիջապես ուժերը փորձում են մեծահասակների կազմում: Նրանք դեռ երկար եւ քրտնաջան աշխատանք պետք է տանեն, որպեսզի կարողանան պայքարի մեջ մտնել մեծահասակների կազմում, մեծերի աշխարհի առաջնություն: Եթե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, մարզչական խորհուրդը գտել են, որ պատանեկան օլիմպիական չեմպիոնները կարող են պայքարել մեծահասակների կազմում, վարկանիշ բերեն հավաքականին, ուրեմն պետք է մասնակցեն մրցաշարերին: Ես դրանում վատ բան չեմ տեսնում:

Հոգեբանական պատրաստության ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում երիտասարդների հետ։

Ես փորձում եմ բացի մարզիչ լինելուց, նաեւ հոգեբան լինել տղաների հետ։ Ծանրամարտը բարդ մարզաձեւ է, դու գործ ունես սառը երկաթի հետ։ Ծանրորդը ֆիզիկապես եւ հոգեպես պետք է պատրաստված լինի, որ կարողանա  այդ սառը երկաթը եւ բարձրացնի, եւ չգցի գլխին։ Երիտասարդների հետ աշխատում ենք երկու մարզիչներով՝ ես եւ Հակոբ Փիլոսյանը։ Լավ մթնոլորտ է մեր հավաքականում։ Բացի մարզիչ լինելուց, նաեւ լավ ընկերական հարաբերություններ ունենք երիտասարդների հետ։ Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ լավ թիմ ունենք։ Ես իմ բոլոր նկատողությունները արել եմ մեր տղաներին, ինձ համար արդեն պատկերը պարզ է՝ ով ինչի է ընդունակ, քանի կիլոգրամ կարող է բարձրացնել։ Ինձ համար մարզիչը միայն ծրագիր գծող չէ։ Մարզիչը պետք է չորս աչք ունենա, որ ամենը տեսնի՝ ով ինչ է անում, որտեղ ինչ է կատարվում, ով ինչ է խոսում, նրա խոսքը ինչ հետեւանք կարող է ունենալ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը  ո՞ր քաշային կարգերում խնդիրներ ունի։

Խնդիրներ ունենք 56, 62 եւ 85  կգ քաշային կարգերում։ Թույլ ենք պոկում վարժությունից։ Դա ապացուցեց նաեւ այս Եվրոպայի առաջնությունը։ Ես արդեն ընդհանուր պատկերացում ունեմ բոլորի մասին։ Անհատական բոլորն էլ աճելու տեղ ունեն, վարժությունները հստակ կատարելու համար դեռ շատ աշխատանք պետք է տարվի։ Երիտասարդական հավաքականի անդամները բոլորն իմ աչքի առաջ են։ Չկա մեկը, որ հավաքականից առանձին մարզվի, անջատ մարզվի։ Չկա նման բան երիտասարդական հավաքականում։ Չգիտեմ մեծահասակների հավաքականում ինչպես է, բայց մեր հավաքականում չի կարող այդպես լինել, ես երբեք ոչ մի մարզիկի դրսից չեմ բռնի ու տանեմ մրցումների։

Այս երիտասարդներից  ո՞ւմ եք տեսնում Ռիո-2016-ում։

Չգիտեմ՝ իմ այս տղաները ինչ կանեն, ինչ չեն անի, բայց որ Ռիո-2016-ում Հայաստանը կներկայացնեն երիտասարդները, դա 100 տոկոս։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես տեսնում եմ, որ այս տղաների մեջ կան ծանրորդները, ովքեր ձգտում են, ներուժ ունեն, կարող են հասնել Օլիմպիական խաղերին, իրենց ցույց տան։ Ուղղակի մեզ անհրաժեշտ է երկար ու քրտնաջան աշխատանք։

Յուրաքանչյուր տապալած մրցաշարից հետո մեդալների բացակայության մեղքը դրվում է հավաքականի գլխավոր մարզիչի վրա։ Ինչպե՞ս եք վերաբերվում երեւույթին, երբ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից հետո մարզիչները թիրախ են դառնում հայկական սպորտի ղեկավարների կողմից՝ պետության գումարները վատնելու, արդյունք չունենալու համար։

Այս ամենը ֆեդերացիայի, ՀԱՕԿ լուծելիք խնդիրներ են։ Նորմալ պրոցես է, երբ գլխավոր մարզիչը, մարզիչները, մարզիկները ենթարկվում են քննադատության։ Դա հարկավոր է յուրաքանչյուրիս։ Ես ընդունում եմ քննադատությունները։ Մեդալ չլինելու մեղավորությունը միայն մարզիչինը չէ, բայց դրա համար պատասխանատու են բոլոր, այդ թվում եւ մեծամասամբ մարզիչը։  Այս մարզաձեւում մարզիչները տապալելու իրավունք չունեն։ Երբ մտնում ես մարզադահլիճ ու տեսնում ես մարզվող պատանիների, հասկանում ես, որ նրանց ճակատագիրը քեզանից է կախված, նրանք քեզ հետ են հույսեր կապում՝ դու իրավունք չունես նրանց հուսախաբ անել։ Ինձ էլ բազմիցս մեղադրել են մեդալներ չլինելու համար, ես այդ ամենից չեմ հիասթափվել, նորմալ է, սպորտ է, այսօր հաջողությունը քո կողմն է, վաղը՝ ոչ։ Ես ցանկանում եմ, որ մեր մարզաձեւում, բոլոր հավաքականներում, ֆեդերացիայում, մարզչական խորհրդում ամեն ինչ լավ լինի, համերաշխ աշխատենք եւ տեսնենք՝ ինչի ենք ընդունակ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով