10:16  +04,  28 նոյեմբերի, 2014

Միհրան Հարությունյան. Տաշքենդից հետո ինձնից երես թեքեցին գրեթե բոլորը (ֆոտոշարք)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակից Շուշանիկ Հակոբյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած զրույցում պատմել է, թե ինչու է ընտրել ըմբշամարտը, հիշել է առաջին մրցումները, նշել է, թե հատկապես ինչը խանգարեց Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալ:

Հայաստանի հավաքականում 66կգ քաշային կարգի առաջատար Միհրան Հարությունյանը ամենահայտնի ըմբիշներից չէ, բայց տիտղոսներն այդքան էլ համեստ չեն:

2009-ին նա դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ածաթե մեդալակիր, 2008-2012-ին՝ «Իվան Պոդուբնու անվան գրան պրիի» արծաթե մեդալակիր, 2011թ. Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն, 2012-ին Ռուսաստանի, իսկ 2013-ին Հայաստանի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է եւ միջազգային կարգի սպորտի վարպետ:

Այն բանից հետո, երբ Հարությունյանը չընդգրկվեց Ռուսաստանի հավաքականի կազմում՝ վարկանիշային մրցումներին մասնակցելու համար եւ զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից, նա որոշեց փոխել սպորտային քաղաքացիությունը եւ ներկայացնել Հայաստանը: Ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, նա երկու տարի զրկվեց մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից: Բացի դրանից, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան խոչընդոտում է նրա մարզումներին Ռուսաստանի մարզադահլիճներում եւ իր մարզիչի հետ, ով ներկայացնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցակցությունը սուր է, օտարերկրացու օգտակար լինել չեն ցանկանում: 25-ամյա մարզիկի խոսքով՝ այս տարվա աշխարհի առաջնությունում վատ հանդես գալը կապված էր այս բարդ անցումի հետ: Միհրանը, ով առաջին անգամ չէ անհաջողությունների հանդիպում, վստահ է, որ այս անգամ էլ պատվով կհաղթահարի դժվարությունները:

Միհրան, չնայած այն բանին, որ Դուք Հայստանի հավաքականում նորեկ եք, սպասելիքները շատ էին: Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում Դուք գրավեցիք 7-րդ տեղը: Ի՞նչը Ձեզ խանգարեց ավելի հաջող հանդես գալ:

Երբ ես որոշեցի տեղափոխվել Հայաստան, ես պետք է երկու տարի սպասեի: Ինձ խանգարեց մրցումային փորձի պակասը: Գոյություն ունի մրցումային հերթականություն, որի միջով պետք էր անցնել: Չստացվեց, քանի որ ես ցանկացա ունենալ ամեն ինչ միանգամից, արդյունքում՝ չստացա ոչինչ:

Պետք է խոստովանեմ, որ երկարատեւ դադարից հետո, հոգեբանական ճնշմանը չդիմացա: Ուրիշների համար 7-րդ տեղը գուցե նվաճում է, բայց ոչ ինձ համար: Տաշքենդից հետո ինձանից երես թեքեցին գրեթե բոլորը, բացի ամենահարազատ մարդկանցից եւ իմ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից, ով հավատում է իմ ուժերին: Այնպիսի տպավորություն է, կարծես մահացել եմ եւ հարություն եմ առնում: Կյանքը կանգ չի առել, ամեն ինչ առջեւում է:

Անցած շաբաթ Դուք մասնակցեցիք համառուսաստանյան մի մրցաշարի, որտեղ հանդես եկաք 71 կգ քաշային կարգում, հաղթեցիք եւ ճանաչվեցիք լավագույն ըմբիշ: Հայտնի է, որ Դուք բնակվում եք Մոսկվայում, որտեղ Ձեզ արգելված է մարզվելը: Ինչպե՞ս եք կարողացել լավ մարզավիճակ պահպանել:

Մրցաշարին ես մեկնեցի, այսպես ասած, հին ավարով: Ես Ռուսաստանում մարզվելու հնարավորություն  չունեմ: Իրավունք չունեմ մարզվել իմ մարզիչի հետ: Ես գնացել եմ այստեղից եւ համարվում եմ օտարերկրացի:

Մարզվում եմ կոմերցիոն դահլիճներում, որոնք ընկերներս են գտնում: Գտնում եմ սպարինգ-մրցակիցներ: Ներկա պահին ՝ մարզվում եմ մի դահլիճում, որը ստեղծել են թաղամասի բնակիչները: Հանգիստ, հարմարավետ եւ փոքրիկ դահլիճ է, որտեղ յուրաքանչյուրը մի բան իր կողմից է բերել եւ ստեղծել այն: Ես կարող եմ օգտվել դրանցից եւ շատ շնորհակալ եմ:

Չի լինում այնպես, որ ընդհանրապես առանց մարզումների մնամ: Իհարկե դժվար է առանց դահլիճի, գորգի, մրցակիցների, բայց ես, անկեղծ ասած, այս մթնոլորտում ինձ ավելի լավ եմ զգում: Ինձ հարազատ են այս սպարտանյան հարմարությունները:

Ինչո՞ւ չեք մեկնում Հայաստան, որտեղ մարզվելու համար արգելքներ չկան:

Ներկա պահին՝ հոգեբանական տեսանկյունից, ինձ համար ավելի լավ է մնալ իմ ընտանիքի եւ հարազատների կողքին: Ես դրա կարիքն ունեմ:

Դուք երկար ճանապահ անցաք Ռուսաստանի չեմպիոն դառնալու համար. 2012-ին հաջողվեց հասնել բաղձալի ոսկուն, հաղթեցիք աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում, միջազգային մրցումներում հաղթող դարձաք, բայց Լոնդոնի Օլիմպիական խաղերին չմասնակցեցիք, որից հետո Դուք թողեցիք ամեն ինչ:

Այդ ժամանակ ես գտնում էի, որ իրոք արժանի եմ Ռուսաստանի կազմում Օլիմպիական խաղերին մասնակցելուն, սակայն ես անգամ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու վարկանիշային մրցաշարերին, թեեւ ես հաղթել էի բոլորին:

Երբ հասկացա, որ ամենանվիրական երազանքս անկատար է մնում, դա վերջին կաթիլը եղավ եւ, թողնելով ամեն ինչ, հեռացա: Ես սթրես էի ապրում: Կյանքիս վատագույն օրերն էին:

Որոշեցի ամեն ինչ թողնել: Սակայն որոշ ժամանակ անց՝ մարզիչիս հետ որոշեցինք հանդես գալ Հայաստանի կազմում: Հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանի հավաքականում: Հարմարվե՞լ եք թիմին, մարզումներին:

Հարմարվելու համար ժամանակ է պետք: Շատերը կարծում են, որ ես մարզվում եմ ինքնագլուխ՝ իմ ծրագրով: Հավատացնում եմ՝ այն ընթացքում, երբ ես հավաքականի հետ եմ մարզվում, ես ծայրից ծայր անում եմ այն, ինչ հրահանգում է գլխավոր մարզիչը՝ առանց որեւէ խախտումների:

Իսկ արդեն մարզումներից հետո ինձ ժամանակ եմ տրամադրում եւ անում եմ տարատեսակ վարժություններ: Կարծում եմ՝ դա շատ նորմալ է:

Այո, երբեն սիրում եմ մենակ մնալ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը սեփական տարածություն ունենալու իրավունք ունի:

Բայց դա չի նշանակում, որ ես մեծամիտ եմ: Ցանկացած մարդ կարող է ինձ մոտենալ, զրուցել եւ ընկերանալ: Ոմանց հետ ես ջերմ հարաբերություններ ունեմ, ոմանց հետ՝ գործնական: Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի:

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցելությունը ըմբշամարտի դահլիճ:

Ես ակտիվ երեխա էի: Անընդհատ խնդիրներ էի ունենում, կռիվների մեջ ընկնում: Հանգիստ նստել չէի կարողանում: 12 տարեկանում ես եւ հայրս որոշեցինք, որ այդ ակտիվությունը պետք է ուղղենք ավելի նպատակահարմար տեղ: Ընտրեցինք սպորտը: Գնացինք ԲԿՄԱ՝ ամենամոտը դա էր:

Ես ձեռնամարտ էի ուզում, սակայն այնտեղ չկար նման խմբակ: Մտանք հունահռոմեական ոճի ըմբշամարտի դահլիճ: Նայեցի՝ ինձ դուր եկավ:

Առաջին մրցումները…

Ընդամենը երկու շաբաթ անց ինձ ուղարկեցին մրցումների: Հագցրեցին հինգ անգամ մեծ մարզահագուստ եւ մարզակոշիկներ:

Մրցումների ժամանակ հնարքների տարափ տեղաց, հնարքներ, որոնց ես չէի տիրապետում, բայց իրացնում էի: Ես հաղթեցի իմ առաջին մրցումներում:

Եվ որքա՞ն  ժամանակ էր հաջողությունը Ձեզ ժպտում:

Այդ մրցումներից անմիջապես հետո ես ամենուրեք սկսեցի պարտվել: 2-3 գոտեմարտ հաղթում էի, այնուհետեւ՝ պարտվում: Ես արդեն չէի ցանկանում մարզվել, իմ ինքնասիրությունը խոցվում էր:

Հետո ինձ հավաքեցի, սկսեցի աշխատել, աշխատել: Այնքան, մինչեւ սկսեցի հաղթել:

Ձեր ունեցած մեդալներից ո՞րն է ամենաարժեքավորը:

Բոլորը:

Հիշո՞ւմ եք բոլորը:

Գրեթե բոլորը:

Արցունքները շա՞տ էին:

Այո:

Իսկ հիմա արտասվո՞ւմ եք:

Չեմ կարող ասել, որ ինձ թույլ եմ տալիս արտասվել ամենուր, բայց ես իմ զգացմունքներից չեմ ամաչում:

Ինչ-որ բանի համար զղջո՞ւմ եք:

Երբեմն մտածում եմ, որ զղջում եմ:

Հատկապես ինչի՞ համար:

Որ գնացի այստեղից, այսքան ժամանակ կորցրի: Բայց անմիջապես հետո մտորումների մեջ եմ ընկնում, ներողություն եմ խնդրում Աստծուց եւ զղջալու մասին միտքը կորում է:

Երեւի չեմ զղջում ոչ մի բանի համար: Այն ինչ եղել է, ունեցել է ե՛ւ դրական ե՛ւ բացասական կողմեր:

Ասում են՝ մարդ արժանի է նրան, ինչ ունի: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

Նայած, թե որ տեսանկյունից նայես: Ով եմ ես, որ դատեմ այդ մասին: Ես հավատում եմ Աստծուն եւ մտածում եմ, որ նա ինձ ամեն ինչում ուղղորդում է: Երբ ծանր իրավիճակում եմ հայտնվել եւ պետք է եղել հաղթանակ, որից ես գումար կստանայի եւ կօգնեի իմ ընտանիքին, ես միշտ հաղթել եմ: Աստված միշտ օգնել է ինձ:

Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Հրաշալի ընտանիք ունեմ, բարեկամներ, ընկերներ, կին, ում հետ սպասում ենք մեր առաջնեկին: Ունեմ իմ պաշտելի գործը՝ ըմբշամարտը:

Երբեմն, երբ ամեն ինչ վատ է՝  փող չկա, ծանր ժամանակներ, պարտություն, մտածում եմ, իսկ ի՞նչ ասեն հիվանդներն ու մանկատան երեխաները: Մարդիկ ձեռքեր ու ոտքեր չունեն, ծնողներ չունեն, իսկ ես, փառք Աստծո, ունեմ: Բողոքել պետք չէ: Պետք է գնահատել ունեցածը: Իմ գործը՝ աղոթելն է, աշխատելն ու նպատակներին հասնելը:

Ո՞րն է Ձեր նպատակը:

Հաղթել յուրաքանչյուր մեկնարկում:

Ի՞նչ ծրագրեր ունեք մինչեւ տարվա վերջ:

Կշարունակեմ մարզվել: Դեկտեմբերի սկզբին կմասնակցեմ Բառնաուլում կայանալիք միջազգային մրցաշարի: Դրանից հետո կսկսեմ պատրաստվել Հայաստանի առաջնությանը:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ