10:16 28 նոյեմբերի, 2014Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակից Շուշանիկ Հակոբյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած զրույցում պատմել է, թե ինչու է ընտրել ըմբշամարտը, հիշել է առաջին մրցումները, նշել է, թե հատկապես ինչը խանգարեց Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալ:
Հայաստանի հավաքականում 66կգ քաշային կարգի առաջատար Միհրան Հարությունյանը ամենահայտնի ըմբիշներից չէ, բայց տիտղոսներն այդքան էլ համեստ չեն:
2009-ին նա դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ածաթե մեդալակիր, 2008-2012-ին՝ «Իվան Պոդուբնու անվան գրան պրիի» արծաթե մեդալակիր, 2011թ. Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն, 2012-ին Ռուսաստանի, իսկ 2013-ին Հայաստանի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է եւ միջազգային կարգի սպորտի վարպետ:


Այն բանից հետո, երբ Հարությունյանը չընդգրկվեց Ռուսաստանի հավաքականի կազմում՝ վարկանիշային մրցումներին մասնակցելու համար եւ զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից, նա որոշեց փոխել սպորտային քաղաքացիությունը եւ ներկայացնել Հայաստանը: Ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, նա երկու տարի զրկվեց մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից: Բացի դրանից, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան խոչընդոտում է նրա մարզումներին Ռուսաստանի մարզադահլիճներում եւ իր մարզիչի հետ, ով ներկայացնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցակցությունը սուր է, օտարերկրացու օգտակար լինել չեն ցանկանում: 25-ամյա մարզիկի խոսքով՝ այս տարվա աշխարհի առաջնությունում վատ հանդես գալը կապված էր այս բարդ անցումի հետ: Միհրանը, ով առաջին անգամ չէ անհաջողությունների հանդիպում, վստահ է, որ այս անգամ էլ պատվով կհաղթահարի դժվարությունները:
Միհրան, չնայած այն բանին, որ Դուք Հայստանի հավաքականում նորեկ եք, սպասելիքները շատ էին: Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում Դուք գրավեցիք 7-րդ տեղը: Ի՞նչը Ձեզ խանգարեց ավելի հաջող հանդես գալ:
Երբ ես որոշեցի տեղափոխվել Հայաստան, ես պետք է երկու տարի սպասեի: Ինձ խանգարեց մրցումային փորձի պակասը: Գոյություն ունի մրցումային հերթականություն, որի միջով պետք էր անցնել: Չստացվեց, քանի որ ես ցանկացա ունենալ ամեն ինչ միանգամից, արդյունքում՝ չստացա ոչինչ:

Պետք է խոստովանեմ, որ երկարատեւ դադարից հետո, հոգեբանական ճնշմանը չդիմացա: Ուրիշների համար 7-րդ տեղը գուցե նվաճում է, բայց ոչ ինձ համար: Տաշքենդից հետո ինձանից երես թեքեցին գրեթե բոլորը, բացի ամենահարազատ մարդկանցից եւ իմ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից, ով հավատում է իմ ուժերին: Այնպիսի տպավորություն է, կարծես մահացել եմ եւ հարություն եմ առնում: Կյանքը կանգ չի առել, ամեն ինչ առջեւում է:
Անցած շաբաթ Դուք մասնակցեցիք համառուսաստանյան մի մրցաշարի, որտեղ հանդես եկաք 71 կգ քաշային կարգում, հաղթեցիք եւ ճանաչվեցիք լավագույն ըմբիշ: Հայտնի է, որ Դուք բնակվում եք Մոսկվայում, որտեղ Ձեզ արգելված է մարզվելը: Ինչպե՞ս եք կարողացել լավ մարզավիճակ պահպանել:
Մրցաշարին ես մեկնեցի, այսպես ասած, հին ավարով: Ես Ռուսաստանում մարզվելու հնարավորություն չունեմ: Իրավունք չունեմ մարզվել իմ մարզիչի հետ: Ես գնացել եմ այստեղից եւ համարվում եմ օտարերկրացի:
Մարզվում եմ կոմերցիոն դահլիճներում, որոնք ընկերներս են գտնում: Գտնում եմ սպարինգ-մրցակիցներ: Ներկա պահին ՝ մարզվում եմ մի դահլիճում, որը ստեղծել են թաղամասի բնակիչները: Հանգիստ, հարմարավետ եւ փոքրիկ դահլիճ է, որտեղ յուրաքանչյուրը մի բան իր կողմից է բերել եւ ստեղծել այն: Ես կարող եմ օգտվել դրանցից եւ շատ շնորհակալ եմ:
Չի լինում այնպես, որ ընդհանրապես առանց մարզումների մնամ: Իհարկե դժվար է առանց դահլիճի, գորգի, մրցակիցների, բայց ես, անկեղծ ասած, այս մթնոլորտում ինձ ավելի լավ եմ զգում: Ինձ հարազատ են այս սպարտանյան հարմարությունները:
Ինչո՞ւ չեք մեկնում Հայաստան, որտեղ մարզվելու համար արգելքներ չկան:
Ներկա պահին՝ հոգեբանական տեսանկյունից, ինձ համար ավելի լավ է մնալ իմ ընտանիքի եւ հարազատների կողքին: Ես դրա կարիքն ունեմ:
Դուք երկար ճանապահ անցաք Ռուսաստանի չեմպիոն դառնալու համար. 2012-ին հաջողվեց հասնել բաղձալի ոսկուն, հաղթեցիք աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում, միջազգային մրցումներում հաղթող դարձաք, բայց Լոնդոնի Օլիմպիական խաղերին չմասնակցեցիք, որից հետո Դուք թողեցիք ամեն ինչ:
Այդ ժամանակ ես գտնում էի, որ իրոք արժանի եմ Ռուսաստանի կազմում Օլիմպիական խաղերին մասնակցելուն, սակայն ես անգամ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու վարկանիշային մրցաշարերին, թեեւ ես հաղթել էի բոլորին:
Երբ հասկացա, որ ամենանվիրական երազանքս անկատար է մնում, դա վերջին կաթիլը եղավ եւ, թողնելով ամեն ինչ, հեռացա: Ես սթրես էի ապրում: Կյանքիս վատագույն օրերն էին:
Որոշեցի ամեն ինչ թողնել: Սակայն որոշ ժամանակ անց՝ մարզիչիս հետ որոշեցինք հանդես գալ Հայաստանի կազմում: Հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում:
Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանի հավաքականում: Հարմարվե՞լ եք թիմին, մարզումներին:
Հարմարվելու համար ժամանակ է պետք: Շատերը կարծում են, որ ես մարզվում եմ ինքնագլուխ՝ իմ ծրագրով: Հավատացնում եմ՝ այն ընթացքում, երբ ես հավաքականի հետ եմ մարզվում, ես ծայրից ծայր անում եմ այն, ինչ հրահանգում է գլխավոր մարզիչը՝ առանց որեւէ խախտումների:
Իսկ արդեն մարզումներից հետո ինձ ժամանակ եմ տրամադրում եւ անում եմ տարատեսակ վարժություններ: Կարծում եմ՝ դա շատ նորմալ է:
Այո, երբեն սիրում եմ մենակ մնալ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը սեփական տարածություն ունենալու իրավունք ունի:
Բայց դա չի նշանակում, որ ես մեծամիտ եմ: Ցանկացած մարդ կարող է ինձ մոտենալ, զրուցել եւ ընկերանալ: Ոմանց հետ ես ջերմ հարաբերություններ ունեմ, ոմանց հետ՝ գործնական: Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի:
Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցելությունը ըմբշամարտի դահլիճ:
Ես ակտիվ երեխա էի: Անընդհատ խնդիրներ էի ունենում, կռիվների մեջ ընկնում: Հանգիստ նստել չէի կարողանում: 12 տարեկանում ես եւ հայրս որոշեցինք, որ այդ ակտիվությունը պետք է ուղղենք ավելի նպատակահարմար տեղ: Ընտրեցինք սպորտը: Գնացինք ԲԿՄԱ՝ ամենամոտը դա էր:
Ես ձեռնամարտ էի ուզում, սակայն այնտեղ չկար նման խմբակ: Մտանք հունահռոմեական ոճի ըմբշամարտի դահլիճ: Նայեցի՝ ինձ դուր եկավ:
Առաջին մրցումները…
Ընդամենը երկու շաբաթ անց ինձ ուղարկեցին մրցումների: Հագցրեցին հինգ անգամ մեծ մարզահագուստ եւ մարզակոշիկներ:
Մրցումների ժամանակ հնարքների տարափ տեղաց, հնարքներ, որոնց ես չէի տիրապետում, բայց իրացնում էի: Ես հաղթեցի իմ առաջին մրցումներում:
Եվ որքա՞ն ժամանակ էր հաջողությունը Ձեզ ժպտում:
Այդ մրցումներից անմիջապես հետո ես ամենուրեք սկսեցի պարտվել: 2-3 գոտեմարտ հաղթում էի, այնուհետեւ՝ պարտվում: Ես արդեն չէի ցանկանում մարզվել, իմ ինքնասիրությունը խոցվում էր:
Հետո ինձ հավաքեցի, սկսեցի աշխատել, աշխատել: Այնքան, մինչեւ սկսեցի հաղթել:

Ձեր ունեցած մեդալներից ո՞րն է ամենաարժեքավորը:
Բոլորը:
Հիշո՞ւմ եք բոլորը:
Գրեթե բոլորը:
Արցունքները շա՞տ էին:
Այո:
Իսկ հիմա արտասվո՞ւմ եք:
Չեմ կարող ասել, որ ինձ թույլ եմ տալիս արտասվել ամենուր, բայց ես իմ զգացմունքներից չեմ ամաչում:
Ինչ-որ բանի համար զղջո՞ւմ եք:
Երբեմն մտածում եմ, որ զղջում եմ:
Հատկապես ինչի՞ համար:
Որ գնացի այստեղից, այսքան ժամանակ կորցրի: Բայց անմիջապես հետո մտորումների մեջ եմ ընկնում, ներողություն եմ խնդրում Աստծուց եւ զղջալու մասին միտքը կորում է:
Երեւի չեմ զղջում ոչ մի բանի համար: Այն ինչ եղել է, ունեցել է ե՛ւ դրական ե՛ւ բացասական կողմեր:
Ասում են՝ մարդ արժանի է նրան, ինչ ունի: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:
Նայած, թե որ տեսանկյունից նայես: Ով եմ ես, որ դատեմ այդ մասին: Ես հավատում եմ Աստծուն եւ մտածում եմ, որ նա ինձ ամեն ինչում ուղղորդում է: Երբ ծանր իրավիճակում եմ հայտնվել եւ պետք է եղել հաղթանակ, որից ես գումար կստանայի եւ կօգնեի իմ ընտանիքին, ես միշտ հաղթել եմ: Աստված միշտ օգնել է ինձ:
Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Հրաշալի ընտանիք ունեմ, բարեկամներ, ընկերներ, կին, ում հետ սպասում ենք մեր առաջնեկին: Ունեմ իմ պաշտելի գործը՝ ըմբշամարտը:
Երբեմն, երբ ամեն ինչ վատ է՝ փող չկա, ծանր ժամանակներ, պարտություն, մտածում եմ, իսկ ի՞նչ ասեն հիվանդներն ու մանկատան երեխաները: Մարդիկ ձեռքեր ու ոտքեր չունեն, ծնողներ չունեն, իսկ ես, փառք Աստծո, ունեմ: Բողոքել պետք չէ: Պետք է գնահատել ունեցածը: Իմ գործը՝ աղոթելն է, աշխատելն ու նպատակներին հասնելը:
Ո՞րն է Ձեր նպատակը:
Հաղթել յուրաքանչյուր մեկնարկում:
Ի՞նչ ծրագրեր ունեք մինչեւ տարվա վերջ:
Կշարունակեմ մարզվել: Դեկտեմբերի սկզբին կմասնակցեմ Բառնաուլում կայանալիք միջազգային մրցաշարի: Դրանից հետո կսկսեմ պատրաստվել Հայաստանի առաջնությանը:
Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.