12:53  +04,  19 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Վահան Մխիթարյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակիցներին:

Վահան Մխիթարյան, լող, 50 եւ 100 մետր ազատ,  50 մետր բատերֆլայ լողաոճ:

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 16-ին, Երեւանում: Անձնական մարզիչն է Միսակ Գաբրիելյանը:

Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2013 թվականին Բարսելոնայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում եւ 2013 թվականին Դուբայում կայացած աշխարհի պատանիների առաջնությունում վարկանիշային միավոր ձեռք բերելու արդյունքում:

Ես՝ լողորդ:

«Լողով սկսել եմ մարզվել 5 տարեկանից: Մի ընկեր ունեի, ով պատմեց, որ շուտով ինքը պիտի լողի գնա, լողա մեծ լողավազանում, ես էլ որոշեցի հետ չմնալ նրանից ու եկա լողավազան: Հետո որոշեցի մարմնամարզությամբ զբաղվել, մի քանի դասերի գնացի ու հասկացա, որ լողն ինձ ավելի հոգեհարազատ է, ու վերադարձա լողավազան: Մարզիչները նկատեցին ընդունակություններս և մարզումներս ավելի պրոֆեսիոնալ շարունակեցի 11 տարեկանից: Այդ տարիքից լողն իմ առօրյան է, իմ օրվա զբաղվածության գերակշիռ մասը: Առանց լողի ինձ կես մարդ եմ զգում, բայց մարզումների ժամանակ էլ լինում են օրեր, որ շատ եմ հոգնում, մեկ-մեկ ներքուստ հանձնվում եմ, բայց սերս այնքան մեծ է այս մարզաձեւի հանդեպ, որ կարճ ժամանակում կարողանում եմ հաղթահարել հիասթափությունս: Երբեմն լինում են օրեր, որ անկախ իմ կամքից չեմ կարողանում լավ մարզվել, լիարժեք տրվել լողին, լսել մարզիչիս հրահանգները, կատարել նրա պահանջները, բայց դրանք պահեր են, որ հաղթահարում եմ: Ամեն դեպքում սա իմ մարզաձեւն է, ես ինձ ջրում լավ եմ զգում, իսկ առանց ջրի կարծես ես չլինեմ: Դա կարող են փաստել նաեւ իմ հարազատները»:

Ես՝ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Ինձ համար այս Խաղերը շատ կարեւոր են, սա իմ առաջին լուրջ քայլն է մարզական կարիերայում օլիմպիական ասպարեզում: Բարդ է լինելու, պայքարի եմ դուրս գալու ուժեղագույնների հետ, այնպիսի երկրների ներկայացուցիչների հետ, որտեղ լողը մեծ զարգացում ունի, պետության կողմից մեծ աջակցություն ունի: Նանջինգում ես առանց մարզիչի եմ լինելու, իսկ դա արդեն ինձ համար հոգեբանական մեծ ճնշում է: Բայց սա պատանեկան Օլիմպիական խաղերն են, եւ ես առջեւում ունեմ մեծահասակների Օլիմպիական խաղեր, որոնց ուղեգրերը պետք է պարտադիր նվաճեմ եւ մասնակցեմ»:

Ակնկալիքներս

«Լողը շատ անկանխատեսելի մարզաձեւ է: Ամեն ինչ պարզ կլինի օլիմպիական մրցասպարեզում: Ակնկալիքս այն է, որ բարելավեմ արդյունքս, եթե հաջողությունն ինձ ժպտա՝ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչում կհայտնվեմ: Հոգու խորքում լավ արդյունքի ակնկալիքներ ունեմ: Կձգտեմ հնարավորության դեպքում լավագույնս հանդես գալ, իմ ուժերից վեր պայքարել առաջնային տեղերի, մրցանակային տեղերի համար: Բարդ է լինելու պայքարը, վստահ եմ, որ մրցելու եմ ուժեղագույն պատանիների հետ: Երազանք է օլիմպիական մեդալ նվաճելը: Այս պահին մեդալի մասին չեմ մտածում, այլ լավ արդյունք եւ գեղեցիկ լող ցուցադրելու մասին»:

Վահան Մխիթարյանը օգոստոսի 19-ին կայացած 50 մետր ազատ լողաոճի մրցումներում գրավեց 18-րդ տեղը: Հայ օլիմպիականը մեկնարկ դուրս կգա նաեւ օգոստոսի 20-ին եւ 21-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ