20:43  ,  15 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Զավեն Իգիթյան

Զավեն Իգիթյան, հրաձգություն, օդամղիչ ատրճանակ:

Ծնվել է 1999 թվականին, Երեւանում: Անձնական մարզիչն է հայրը՝ Խորեն Իգիթյանը:

Նանջինգ-2014-ի 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Ես՝ հրաձիգ

«Ես 15 տարեկան եմ, Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն: Հրաձգությունն ընտրել եմ հայրիկիս խորհրդով՝ գնալով նրա հետքերով: Հայրս Հայաստանի վաստակավոր մարզիչ է եւ առաջին անգամ նրա հետ եմ մուտք գործել հրաձգարան: Այդ ժամանակ դեռ 5 տարեկան էի եւ ոչինչ չէի հասկանում, միայն զգում էի, որ կրակելուց մեծ հաճույք եմ ստանում: Հայրս այդ տարիքից նկատեց իմ դիպուկությունը, եւ այդ օրվանից հրաձգարանը դարձավ իմ երկրորդ տունը: Սիրում եմ կրակել, դա գերագույն հաճույք է: Հրաձգությունը կոփում է մարդուն թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ամենակարեւորը հոգեբանական պահն է: Եթե հոգեպես լինում ես ներդաշնակ մտքերիդ հետ, ապա դու կարող ես կրակել՝ այն էլ ուղիղ նշանակետին: Հրաձգությունը մարդուն սովորեցնում է ղեկավարել սեփական հույզերը, ներքուստ լինել հանգիստ, ստիպել սրտին աշխատել հանգիստ, չնյարդայնանալ: Սա ինձ համար մեծ դպրոց է հետագայում կյանքի այլ ոլորտներում ցանկացած հարցերի ավելի զգոն եւ սառը ուղեղով դատելու համար: Սիրում եմ կրակել, այն ասես իմը լինի: Սիրում եմ զենքը, զենքի տիրապետելը, դա իսկական տղամարդու գործ է: Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հրաձգությունը»:

Ես՝ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից:

«Ինձ համար շատ կարեւոր են այս Խաղերը: Եվրոպայի առաջնությունից հետո, սա իմ ամենաբարձր մրաշարն է լինելու: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ երազում է մեկ անգամ գոնե հնարավորություն ունենալ ուժերը փորձել Օլիմպիական խաղերում: Ես կփորձեմ օգտագործել այս հնարավորությունը: Կարեւոր քայլ է պատանիների տարիքային խմբում եւ իմ մարզական կարիերայի սկզբում: Ուրախ եմ, որ ինձ հաջողվել է ձեռք բերել այդ ուղեգիրը, դա ինձ համար լավագույն նվերն էր իմ մարզական կարիերայի նախաշեմին:

Երազում եմ դառնալ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Նախ եւ առաջ, դա կլինի ամենամեծ պարգեւը եւ շնորհակալությունը հայրիկիս, ով ինձ ուղղորդել է այս մարզաձեւում: Կիրականացնեմ նրա երազանքը եւ կարդարացնեմ նրա եւ մյուս մարզիչների եւ ընկերներիս սպասելիքները: Գիտեմ, որ բոլորը հավատում են իմ հաջողությանը, այնպես, ինչպես հավատում էին Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Հաղթանակս կնվիրեմ հայրիկիս»:

Ակնկալիքներս

«Հոգուս խորքում հավատում եմ, որ սպորտային հաջողությունն ինձ կժպտա օլիմպիական մրցասպարեզում: Տրամադրված եմ մեդալ նվաճելուն: Հուսամ՝ կկարողանամ հետ թողնել բոլոր մրցակիցներիս: Ցանկանում եմ Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրանցածս հաջողությունը կրկնել: Հոգեբանորեն տրամադրվել եմ մեդալի, մասնավորապես, ոսկե մեդալի, հավատում եմ ինքս ինձ եւ իմ ուժերին: Եթե կարողացել եմ Եվրոպայի պատանիների մեջ լինել ուժեղագույնը եւ բոլորին հետ թողնել, կարծում եմ՝ կկարողանամ նաեւ նույնն անել պատանեկան Օլիմպիական խաղերում»:

Զավեն Իգիթյանը օլիմպիական կրակագիծ դուրս կգա օգոստոսի 18-ին:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով