NEWS.am Sport-ը ներկայացնում է օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:
Վիգեն Խաչատրյան, սպորտային մարմնամարզություն
Ծնվել է 1996 թվականին, Երեւանում: Անձնական մարզիչն է Արտյոմ Ավետյանը:
Նանջինգ-2014 պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության բազմամարտի մրցաշարում գրավելով 6-րդ տեղը:
Ես` մարմնամարզիկ
«Մարմնամարզությունն իմ կյանքն է` մարզադահլիճը, ամենօրյա մարզումները, դժվարությունները, մրցաշարերը, հաղթանակները, պարտությունները, արդյունքիցս գոհ կամ դժգոհ մարզիչներս, նրանց հետ զրույցները, մեր ընդհանուր ծրագրերը, նպատակները: Չեմ կարող ասել, թե առաջին օրից սիրել եմ այս մարզաձեւը, քանի որ շատ փոքր եմ եղել եւ ավելի շատ որպես խաղ եմ ընկալել այս մարզումները: Հետագայում արդեն, երբ սկսեցի պրոֆեսիոնալ զբաղվել, մրցումների մասնակցել, աստիճանաբար լրջացավ ամեն ինչ, եւ ես դարձրեցի այն իմ կյանքի մեծ մասը»:

Արտյոմ Ավետյան, Վիգեն Խաչատրյան
Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից
«Իմ մարզական կարիերայում սա իմ առաջին ամենալուրջ եւ ամենակարեւոր մրցաշարն է, իմ առաջին Օլիմպիական խաղերը: Ուրախ եմ, որ կարողացել եմ նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիրը : Սա ինձ համար մեծ ձեռքբերում է: Մեկնում եմ Նանջինգ Հայաստանի, հայ պատանի մարմնամարզիկների անունը բարձր պահելու, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Յուրաքանչյուր մարզիկի համար, լինի նա պատանի, երիտասարդ, թե արդեն մեծահասակ, Օլիմպիական խաղերը յուրաքանչյուրիս համար կան եւ մնում են ամենաբարձր կետը, որին պետք է հասնել: Ես ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց պատանեկան տարիքում, այդպես կփորձեմ շարունակել մինչեւ մեծահասակների Օլիմպիական խաղերը»:
Ակնկալիքներ
«Գտնվում եմ լավ մարզավիճակում: Չեմ ասում, թե ես մեդալ կբերեմ, մինչեւ ելույթի դուրս չգամ, մարզիչներիս դրած խնդիրը լիարժեք չկատարեմ, չեմ հայտարարի երբեք նախապես, որ ես մեդալով կվերադառնամ Օլիմպիական խաղերից: Բայց խոստանում եմ, որ լավ ելույթ կցուցադրեմ եւ կկատարեմ իմ առջեւ դրված խնդիրը: Մնացածը` ինչպես Աստված կկամենա»:
Վիգեն Խաչատրյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 17-ին:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:50 , 5 նոյեմբերի
22:20 , 5 նոյեմբերի 
21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի