13:45  ,  23 հուլիսի, 2014

Էջմիածին. Թիմային պայքարի բրոնզե մեդալակիրները

Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում շարունակվող նետաձգության Եվրոպայի առաջնության երրորդ օրը պայքարի մեջ մտան միայն թիմերը, որոնք մրցեցին օլիմպիական եւ ոչ օլիմպիական աղեղներով:

Օլիմպիական աղեղներով մեկնարկի դուրս եկան տղամարդկանց 31 եւ կանանց 19 թիմեր: Տղամարդկանց թիմային փայքարում բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանը, կանանց պայքարում՝ Լեհաստանը: Տղամարդկանց եւ կանանց եզրափակիչներում կհանդիպեն Գերմանիան ու Ֆրանսիան:

Ոչ օլիմպիական աղեղներով մրցաշարին մասնակցեցին տղամարդկանց 14, կանանց՝ 9 թիմեր: Տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալակիր դարձան իտալացիները, ովքեր առավելության հասան բրիտանացիների նկատմամբ: Կանանց պայքարում Թուրքիան հաղթեց Իտալիային եւ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տղամարդկանց եզրափակիչում Հոլանդիան կմրցի Թուրքիայի հետ, իսկ կանանց եզրափակիչում  կհանդիպեն Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը: 

Թիմային ձեւերում եզրափակիչները կկայանան հուլիսի 25-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարում մնացել է միայն Գոհար Շահնազարյանը, ով 1/24 եզրափակիչում կմրցի իսպանացի Ալիսիա Մարինի հետ:

Շուշանիկ Հակոբյան

(Ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում