00:32  ,  17 հուլիսի, 2014

Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալիս մասնակցել Համաշխարհային օլիմպիադային

Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականին չի թույլատրվում մասնակցել օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային, նշվում է մրցաշարի պաշտոնական կայքում: Ռուսաստանի հավաքականը հունիսի 1-ին նշանակված վերջնաժամկետից ուշ է ներկայացրել մասնակցության հայտացուցակը:

«ՖԻԴԵ-ի քարտուղարությունը փորձել է միջամտել եւ ստիպել մեզ ընդառաջել Ռուսաստանին, սակայն մեր վերաբերմունքը բոլոր ֆեդերացիաների նկատմամբ հավասար է: Զարմանալի է, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նման լուրջ եւ հզոր կառույցը ժամանակին չի հաստատել հայտացուցակը»,- ասվում է Օլիմպիադայի կազմկոմիտեի հայտարարությունում:

Պետք է նշել, որ հուլիսի 11-ին Ուկրաինայի առաջատար կին շախմատիստ Եկատերինա Լագնոն ընդունեց Ռուսաստանի քաղաքացիություն եւ Օլիմպիադայում պետք է հանդես գար Ռուսաստանի հավաքականի կազմում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան սպասում էր այդ խնդրի լուծմանը: Ուկրաինան դեմ էր տեղափոխությանը:

ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իզրայել Գելֆերը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Օլիմպիադայի կազմկոմիտեն իրավունք չունի մերժել ՖԻԴԵ-ի նախագահի պահանջը, քանի որ օլիմպիադաների կանոնադրությունում նշված է, որ ՖԻԴԵ-ի նախագահն իրավունք ունի օլիմպիադաների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ կայացնել վերջնական որոշում: Նա նաեւ նշել է, որ կազմկոմիտեում ընդգրկված են ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Գարի Կասպարովի կողմնակիցները,  եւ նրանք այս իրավիճակն օգտագործում են նախընտրական նպատակներով:

«Սա անընդունելի իրավիճակ է: Եթե խնդիրը չլուծվի, ապա ես խորհուրդ կտայի զրկել Նորվեգիային Օլիմպիադայի անցկացման իրավունքից»,- Գելֆերի խոսքը մեջբերում է chess-news-ը:

Կանանց Ռուսաստանի հավաքականը 2010թ. եւ 2012թ. օլիմպիադաների չեմպիոնն է: Թիմի գլխավոր մարզիչն էր Յուրի Դոխոյանը, որն այժմ գլխավորում է  տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով