00:32 17 հուլիսի, 2014Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականին չի թույլատրվում մասնակցել օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային, նշվում է մրցաշարի պաշտոնական կայքում: Ռուսաստանի հավաքականը հունիսի 1-ին նշանակված վերջնաժամկետից ուշ է ներկայացրել մասնակցության հայտացուցակը:
«ՖԻԴԵ-ի քարտուղարությունը փորձել է միջամտել եւ ստիպել մեզ ընդառաջել Ռուսաստանին, սակայն մեր վերաբերմունքը բոլոր ֆեդերացիաների նկատմամբ հավասար է: Զարմանալի է, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նման լուրջ եւ հզոր կառույցը ժամանակին չի հաստատել հայտացուցակը»,- ասվում է Օլիմպիադայի կազմկոմիտեի հայտարարությունում:
Պետք է նշել, որ հուլիսի 11-ին Ուկրաինայի առաջատար կին շախմատիստ Եկատերինա Լագնոն ընդունեց Ռուսաստանի քաղաքացիություն եւ Օլիմպիադայում պետք է հանդես գար Ռուսաստանի հավաքականի կազմում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան սպասում էր այդ խնդրի լուծմանը: Ուկրաինան դեմ էր տեղափոխությանը:
ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իզրայել Գելֆերը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Օլիմպիադայի կազմկոմիտեն իրավունք չունի մերժել ՖԻԴԵ-ի նախագահի պահանջը, քանի որ օլիմպիադաների կանոնադրությունում նշված է, որ ՖԻԴԵ-ի նախագահն իրավունք ունի օլիմպիադաների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ կայացնել վերջնական որոշում: Նա նաեւ նշել է, որ կազմկոմիտեում ընդգրկված են ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Գարի Կասպարովի կողմնակիցները, եւ նրանք այս իրավիճակն օգտագործում են նախընտրական նպատակներով:
«Սա անընդունելի իրավիճակ է: Եթե խնդիրը չլուծվի, ապա ես խորհուրդ կտայի զրկել Նորվեգիային Օլիմպիադայի անցկացման իրավունքից»,- Գելֆերի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Կանանց Ռուսաստանի հավաքականը 2010թ. եւ 2012թ. օլիմպիադաների չեմպիոնն է: Թիմի գլխավոր մարզիչն էր Յուրի Դոխոյանը, որն այժմ գլխավորում է տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.